Ազատ խոսք

«Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի․ Հեռու ինձնից և իմ ընտանիքից»․ Հովհաննիսյանը՝ Բաբաջանյանին

«Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի․ Հեռու ինձնից և իմ ընտանիքից»։ ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Նիկոլ Փաշինյանին ավարտուն վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիր Արման Բաբաջանյանի թերթը հանդես էր եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ մայրս տնօրինում է 40 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Այնուհետ թերթը կատարել է դարակազմիկ բացահայտում, որ իմ 2012-2013թթ. հայտարարագրերում նշված չէ այդ գույքը, սակայն 2016-ին մայրս ինչ-որ անհայտ գույքի վաճառքից ստացել է նման եկամուտ։

Բնական է, որ օրենսդրական կարգավորումների տարրական չիմացությունը պետք է հանգեցներ սխալ եզրահանգումների և առաջացներ ոգևորություն, որ իրենք բացահայտել են Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ կոռուպցիոն սխեման։ Ստիպված եմ տխրեցնել։

Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝ շատ հուզիչ է հնչում չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013թթ. հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝ որևէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր (2006-ից առաջ):

Քանի որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համատեղ ապրող ծնողը ներկայացնում է միայն տարեկան հայտարարագիր և ցույց է տալիս ոչ թե ինչ ունի առհասարակ, այլ տվյալ տարվա ընթացքում գույքի վաճառքը կամ ձեռքբերումը, բնական է՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված գույքը չէր կարող երևալ մայիկիս՝ 2012-2013թթ. հայտարարագրում։

Մի բանում էր միայն թերթը ճիշտ, որ 2016-ին ստացվել է գույքի վաճառքից եկամուտ, սակայն թերթը հաշվի չէր առել այն փաստը, որ դա ԱՅՆ ՆՈՒՅՆ ԳՈՒՅՔԻ վաճառքից ստացված եկամուտն էր, որ ձեռք էր բերվել տասնամյակներ առաջ։ Օբյեկտիվության որևէ ակնկալիքն Արման Բաբաջանյանի պարագայում միամտություն կլիներ։ Սա էմոցիաների թիվ մեկ առևտրականին պատկանող մեդիաբիզնեսն է։ Եթե պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ինչ-որ տեղ կարելի է համարել շտկելի, ապա բարոյականության հետ կապված ձեր խնդիրը հավերժ է ու երբեք այլևս չի շտկվելու։

Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց այ դուք մտածելու շատ բան ունեք։ Միլիոններից խոսելուց էլ սկսեք ձեր բազմամիլիոնանոց գույքերի և մեդիաբիզնեսների թվարկումից (դոլարային ի դեպ):

Հ. Գ. Հեռու ինձնից և իմ ընտանիքից»։

Կիսվել