Իմ հին ու գեղեցիկ երգերից մեկի հիման վրա ուզում եմ աղջկաս նվիրված հոլովակ թողարկել․ Սիլվա Հակոբյան
Իմ հին ու գեղեցիկ երգերից մեկի հիման վրա ուզում եմ աղջկաս նվիրված հոլովակ թողարկել։ Սիլվա Հակոբյանը շուրջ մեկ ամիս է՝ վայելում է առաջնեկի ներկայությունը: Երգչուհին դստեր ծնվելուց հետո ստեղծագործական դադարի շրջան չի վերցրել, շարունակում է նոր երգեր ձայնագրել, քավերներ ներկայացնել, ինչպես նաեւ պատրաստվում է համերգային շրջագայության:
«Արտիստի կյանքը հեշտ չէ, հատկապես երբ կին ես, ամուսնանում ես ու մայրանում: Այնպես պետք է անել, որ ո՛չ ընտանիքը տուժի, ո՛չ էլ սիրելի աշխատանքը: Քանի որ օգնողների մի մեծ «բանակ» ունեմ, երեխայիս ծնվելուց հետո էլ շարունակում եմ նույն ռիթմով աշխատել»,- ասել է Սիլվան:
Երգչուհին համագործակցել է ղազախ հեղինակի հետ.«Սա ղազախների հետ իմ երկրորդ համագործակցությունն է: Առաջին անգամ ինձ Ղազախստանում բավական հայտնի հեղինակ, վաստակավոր արտիստ Լուկպան Ժոլդասովն էր երգ նվիրել, որի հիման վրա էլ քույրս՝ Մանեն, գրել էր «Հեռու կամ մոտ» երգը:
Այդ օրվանից արտերկրից շատ-շատ են ինձ երգեր ուղարկում, բայց բոլորին չէ, որ սիրտս կպնում է: Այս անգամ ղազախ Կուաթ Աբիլովն էր ինձ երաժշտություն ուղարկել, որը հոգուս շատ հարազատ դարձավ» ,- նշել է նա եւ հավելել, որ «Չի լինի» կոչվող երգի խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել են Ռենատ Ուրազովն ու Կուրալբեկ Տուլեեւը:
Երգչուհին առաջիկայում համերգային շրջագայություններ ունի.«Դրանք այս շրջանում իմ ամենացավոտ հարցն են դարձել: Ճիշտ է՝ մայրս մեծ հոգատարությամբ է խնամում դստերս, բայց ինձ նրանից հեռու չեմ պատկերացնում:
Պատրաստվում եմ կարճատեւ մի քանի շրջագայությունների մեկնել ու չգիտեմ՝ ինչպես եմ բաժանվելու աղջկանիցս: Դեկտեմբերի 24-ից հունվարի 7-ը եվրոպական մի քանի քաղաքում ենք համերգներ նախատեսում, հույս ունեմ՝ գոնե այդ ժամանակ ընտանիքիս հետ կմեկնեմ: Անհնար կլինի 15 օր երեխայից հեռու մնալ, բայցի դա, առաջին Նոր տարին է, որ նա մեզ հետ պետք է լինի, չեմ ուզի հեռու լինել»:
Սիլվան դստերը նվիրված նոր հոլովակ է պատրաստում. «Իմ հին ու գեղեցիկ երգերից մեկի հիման վրա ուզում եմ նրան նվիրված հոլովակ թողարկել: Անկեղծ ասած՝ օգոստոսի 6-ին պետք է գնայի նկարահանման, բայց նա ծնվեց, ու ծրագրերս փոխվեցին, որոշեցի, որ այդ տեսահոլովակի հերոսուհին հենց աղջիկս է լինելու»,- եզրափակել է նա:
Աղբյուր՝ bravo.am