Մամուլ

Իմ թիկունքն էր, ինձ ամեն հարցով օգնում էր, միշտ կողքիս էր

Իմ թիկունքն էր, ինձ ամեն հարցով օգնում էր, միշտ կողքիս էր

«Երբ սկսվեց քառօրյա, ապա 44-օրյա պատերազմը, նա ամենաթեժ կետերում էր՝ Մարտակերտից Շուշի։ Աստված գուցե լսեց մեր աղոթքները ու փրկեց նրան, իսկ 2023-ին․․․ Այլևս անզոր էին մեր խնդրանքներն ու աղոթքները»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Մերի Ահարոնյանը։

Մերին հորեղբորը հիշում է բարի, հոգատար, հայրենասեր և ինչպես երկրորդ ծնողի: Ասում է, քանի որ երիտասարդ էր և դեռ ընտանիքի հոգս չուներ ուսերին, իր հետ ավելի շատ մեծ եղբոր և ընկերոջ նման էր:

«Իմ թիկունքն էր, ինձ ամեն հարցով օգնում էր, միշտ կողքիս էր։ Իր մահը շատ ծանր տարանք: Առանձին էինք ապրում, բայց մի ընտանիք էինք՝ շատ սիրով ու համերաշխ: Հիմա կարծես մի բան պակաս է, ամեն օր իր մասին ենք խոսում, ասում ենք եթե նա հիմա մեզ հետ լիներ այսպես կասեր կամ այսպես կաներ: Ամեն օր այն հույսով եմ արթնանում, որ ինչպես ամեն առավոտ գալու է մեր տուն, կանչի ու ասի՝ «Մերի այս ժամին մարդ կքնի»»,- ասում է մեր զրուցակիցը:

Ռոման Ռոմայի Ահարոնյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում և ծառայել է Նոր Ղազանչի (Սիրխավենդի) N զորամասում, կրտսեր սերժանտ էր, հայրենասիրությունը ժառանգել էր մտավորական հորից, ով զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի սեպտեմբերի 26-ին։ Մերիի խոսքով՝ կյանքից շուտ է հեռացել նաև տատիկը:

«Սեպտեմբերի 19-ին, երբ բոլորս ապրում էինք մեր առօրյա կյանքով, դպրոցից նոր էի տուն եկել, հանկարծ կրակոցներ լսվեցին, գնալով ավելի էր սաստկանում, հասկացանք, որ պատերազմ է։ Հայրս ու եղբայրներս նույնպես զինվորականներ էին, գտնվում էին առաջնագծում։

Սեպտեմբերի 19-ի գիշերը մի կերպ լուսացրինք՝ այն հույսով, որ առավոտյան նորից ամեն ինչ առաջվանը կլինի, ու էլ կրակոցներ չեն լսվի։ Ցավոք, ավելի թեժացավ, զոհեր, վիրավորներ, ժողովրդին արդեն տարհանում էին գյուղերից, որովհետև թշնամին արդեն գյուղի մատույցներում էր գտնվում։ Այդ ժամանակ հորեղբայրս ու գյուղի երիտասարդները հավաքվեցին, որ գնան դիրքեր՝ օգնության։

Նույն օրն էլ զոհվեց իմ հորեղբայրը՝ զինակից բոլոր ընկերների հետ՝ «Խաչենի Մոստ» կոչվող տեղամասում։ Արդեն քանի օր հորեղբորիցս մենք սպասում էինք լուրի, փնտրում էինք բոլոր հիվանդանոցներում՝ հույս ունենալով, որ Աստված այս անգամ էլ կլսեր մեր աղոթքները։

Սեպտեմբերի 23-ին գտանք մասունքները, մի մասը հուղարկավորեցինք ծնողների մոտ՝ Վանք գյուղում, իսկ մյուս մասը՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում․․․ Առանց հրաժեշտի, շատերի պես մենք ևս բռնեցինք գաղթի ճանապարհը:

2 ժամվա ճանապարհը հաղթահարեցինք շուրջ 48 ժամում՝ առանց հացի ու ջրի »,- հուզմունքով վերհիշում է Մերին՝  ArmLur.am-ի հետ զրույցում:

Կիսվել էջում