Շոու-բիզնես

«Իմ ամենահիշարժան Ամանորը մի փոքր տխուր էր»․ Գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանի ֆոտոշարքն ու Նոր տարին դիմավորելու ավանդույթը

«Իմ ամենահիշարժան Ամանորը մի փոքր տխուր էր»։ «Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանի ամենասիրելի տոներից մեկն Ամանորն է։  Նա շարունակում է հավատալ Ձմեռ պապիկին՝ չնայած դեռ 9-10 տարեկանում է բացահայտել, որ տոնածառի տակ նվերները ծնողներն են դնում։ Նախատոնական եռուզեռի մեջ Հայկուհին հասցրել է պատրաստել տոնական սեղանի աղցանները, ընտանիքի անդամների համար նվերներ գնել և զարդարել տոնածառը՝ բոլորին ամանորյա տրամադրություն հաղորդելով։

Ըստ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհու՝  չնայած քննական ծանրաբեռնված շրջանին, հասցրել է մի փոքր ժամանակ տրամադրել և տոնական ֆոտոշարք իրականացնել։  Լուսանկարների շարքը նա տրամադրել է Tert.am Life-ին և պատմել նախատոնական տրամադրության, սպասումների և ամենահիշարժան Ամանորի մասին։

Հայկուհի Մաթևոսյան

«Ամանորն ամեն տարի տոնում ենք ընտանիքով, շատ գեղեցիկ ենք անցկացնում։  Այս տարի դեռ չենք որոշել, թե ինչպես և որտեղ ենք լինելու, սակայն մի բան հաստատ է՝ կլինենք ընտանիքով։ Դեռ այնպիսի դեպք չի եղել, որ ընտանիքիցս հեռու լինեմ կամ ընկերներիս հետ տոնեմ նոր տարին։ Կարծում եմ՝ սա ընտանեկան տոն է, ինձ համար, հաճելի է օրն անցկացնել ընտանիքիս հետ: Շատ եմ սիրում դեկետմբերի 31-ի գիշերը, որովհետև փոխանակվում ենք նվերներով։ Ծնողներս գիտեն, թե ես ինչից կարող եմ ուրախանալ և միշտ նվիրում են այն, ինչին իսկապես սպասում եմ։ Ամանորին իմ սիրելի պահերից է նաև տոնածառ զարդարելը։ Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք բոլորով զարդարել այն»,-ասաց Հայկուհին։  

Հայկուհու խոսքով՝ նախատոնական պատրաստություններին սիրով է մասնակցում, ավելին՝ սիրում է այդ անցուդարձը․ «Հիմնականում ամեն ինչ մայրիկս է անում, բայց ես փորձում եմ օգնել։ Սիրում եմ աղցաններ պատրաստել։ Ամանորի հետ կապված գրեթե ամեն ինչ եմ սիրում, բացի ավանդական հյուր գնալուց, որովհետև կան մարդիկ, որոնց ուղղակի երկար ժամանակ չես տեսնում, չես շփվում նրանց հետ, սակայն այդ օրը մի տեսակ պարտավորված ես քեզ զգում գնալ նաև նրանց շնորհավորելու»։

Հայկուհի Մաթևոսյան

Խոսելով ամենահիշարժան Ամանորի մասին՝ Հայկուհին պատմեց․ «Իմ կյանքում ամենահիշարժան Ամանորը մի փոքր տխուր է, որովհետև իմացա, որ Ձմեռ պապիկ չկա։ Երևի 9-10 տարեկան էի, երբ ծնողներս փորձում էին նվերներս աննկատ տոնածառի տակ դնել։ Չգիտեմ ինչպես ստացվեց՝  ես արթնացա և տեսա, որ մայրիկս ու հայրիկս են նվերները տեղավորում։ Այդ օրվանից իմ Ձմեռ պապիկը հայրիկս է։ Ամեն տարի ցանկություններս կամ նամակի տեսքով եմ հայրիկիս հայտնում, կամ ուղղակի ասում եմ դրանց մասին և իմ խնդրանքներն անպատասխան երբեք չեն մնում։ Արդեն ունեմ այս տարվա ցանկություններով գեղեցիկ բացիկ, սակայն դեռ հայրիկիս չեմ հանձնել»։  

Ամփոփելով անցնող տարին՝ նա ասաց, որ չնայած որոշ դժվարություններին, իր համար ձեռբերումների շրջան է եղել․ «2019-ը թվականն ինձ համար իսկապես ձեռքբերումների տարի էր, որովհետև շատ հաջողություններ ունեցա, որոնցից գլխավորը «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում հաղթելն էր։ Իհարկե, դրան հաջորդեցին մի շարք բացասական կարծիքներ, որոնք այն ժամանակ ինձ մի փոքր տխրեցնում էին, սակայն հիմա ես այդ ամենին շատ նորմալ եմ նայում։ Ժամանակի հետ հասկացա, որ յուրաքանչյուրը, ով մտնում է այս ասպարեզ, պետք է ինչ-որ չափով պատրաստ լինի քննադատության։ Բնականաբար, սկզբում ինձ վատ էի զգում, սակայն արդեն հաղթահարել եմ այդ փուլը: Անչափ հագեցած տարի էր, որովհետև թե՛ դասերի, թե՛ կարիերայի տեսանկյունից զբաղվածությունս մեծ է եղել»։

Հայկուհի Մաթևոսյան

2020 թվականից Հայկուհին մեծ սպասումներ ունի, քանի որ սկսվելու է կյանքի երկրորդ տասնամյակը․ «2020 թվականի հետ կապված շատ մեծ ծրագրեր ու ակնկալիքներ ունեմ։  Վստահ եմ՝ գեղեցիկ տարի է լինելու, որովհետև տարեսկզբին՝ հունվարի 12-ին, նշելու եմ 20-ամյակս և թվերի հետաքրքիր համադրություն է ստացվում՝  2020 ու 20։  Կարծում եմ՝ նոր տասնամյակում նոր ձեռքբերումներ կլինեն»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել