Ի՞նչպես կարող է դպրոց մտնել պատմության մի դասագիրք, որը ոչ մի կապ չունի Հայոց պատմության հետ
Ի՞նչպես կարող է դպրոց մտնել պատմության մի դասագիրք, որը ոչ մի կապ չունի Հայոց պատմության հետ
Hraparak.am-ը գրում է․ Պատմաբան Աշոտ Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ ԿԳՄՍ նախարարությունն այս տարվա հունիսին անհիմն պատճառներով մերժել է իր հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը:
«Այս տարի հայտարարվեց նոր դասագրքերի մրցույթ: Մենք հեղինակներս, «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից ներկայացրինք Հայոց պատմության դասագրքերը, որը նախատեսված է 7-րդ դասարանի համար: Հանձնաժողովի հիմնական մասը մանկավարժներից էր կազմված:
Մեր խումբը ներկայացրել էր երկու դասագիրք «Իմ հայրենիքը» եւ «Հայոց պատմություն» նախատեսված 7-րդ դասարանի համար: Հայոց պատմության դասագիրքը, որն այդպես էլ ԿԳՄՍՆ-ն չցանկացավ կյանքի կոչել, ունի երեք հեղինակ. ես եմ, որդիս Արսեն Ղուկասյանը, եւ Անժելա Տերյանը:
Երկու շաբաթ անց արդյունքներն ամփոփելուն պես մեզ հայտնեցին, որ բավականին լավ արդյունքներ ենք վաստակել, ավելին` այն հաստատվել է որպես դասագիրք: Սակայն ավելի ուշ մեզ հայտնում են, որ մեր հեղինակած դասագրքերի վերաբերյալ բողոքներ կան, եւ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է այն տպագրության չարժանացնել»,- պատմում է պատմաբանը:
Նրան մինչ օրս չի հաջողվել պարզել, թե խոսքն ինչ բողոքների մասին է, ովքեր են բողոքողները, եւ որտեղ են իրենք թերացել: Սակայն դատելով իշխանությունների վարած թրքաբարո քաղաքականությունից, ենթադրում է, որ պատճառն այն է, որ իրենք պատմությունը խմբագրված, իրականությունն աղավաղված չեն ներկայացրել` դա է դասագրքերի մերժման պատճառը: «Երեք անգամ դիմում եմ գրել, որպեսզի ինձ ներկայացնեն, թե ինչ բողոքների մասին է խոսքը, երեք անգամ էլ ոչ մի բողոք ինձ չեն տրամադրել»,- նշում է նա:
Մեր զրուցակիցը կարծում է, որ ԿԳՄՍՆ-ն միտումնավոր է մերժել իր հեղինակած դասագիրքը։ ««Անտարեսի» ներկայացրած դասագիրքը մերժել էին սկզբում, իսկ մեր դասագրքին՝ հավանություն տվել, սակայն որոշ ժամանակ անց մերժում են նաեւ մեզ` Սմբատ Հովհաննիսյանի գրքին են հավանություն տվել: Ասում են, որ դասագրքերն ուղարկվել է անկախ փորձագիտական ինչ-որ խմբի, եւ հենց նրանք են որոշել մերժել մեզ, բայց թե ովքեր են այդ խմբում ներառված, ես չգիտեմ:
Ծիծաղելին այն է, որ փորձագիտական խումբ կոչվածն անգամ, կարգի համաձայն, մեզ եզրակացություն չի ուղարկել, ընդամենը մեկ թղթի կտոր ենք ստացել, որտեղ ինչ-որ անստորագիր կարծիք է գրված: Թե ում կարծիքն է, չգիտեմ: Մեր հեղինակային խումբը հանդիպեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանի հետ, նա եւս ոչինչ հստակ չասաց:
Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ նպատակադրված` քաղաքական նկրտումներից ելնելով որոշում է սա, ուրիշ ոչինչ: Ինչու, որովհետեւ մեր հեղինակած դասագիրքը հայրենասիրության մեծ խնդիր է լուծում, իսկ ԿԳՄՍՆ-ի հավանությանն արժանացած դասագիրքը` ոչ: Այդ դասագիրքը սկսվում է հայկական լեռնաշխարհից, սակայն այն, որպես մարդկության բնօրրան, չի ներկայացնում որեւէ պատկեր, ոչ մի նկար անգամ չկա»,- ասում է պատմաբանը:
Նրա պնդմամբ` Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագրքում պատմությունը կեղծված է։ «Մրցույթն անցկացվել է երկու չափանիշով. մեկը՝ համապատասխանություն գիտականությանը, մյուսը վերաբերում է ծրագրի բովանդակությանը: Սակայն հավանության արժանացած այդ դասագիրք կոչվածն ուղղակի խոտան է, այլ ոչ թե դասագիրք:
Այն արդեն իսկ մտել է դպրոց: Խոսեմ դասագրքի բովանդակությունից. ներկայացված է շուրջ 7 թեմա, 7-ի վերնագրերն էլ փոխված են` հարմարեցված իշխանությունների դավանած գաղափարներին: Օրինակ` գրված է Հայկական լեռնաշխարհը եւ նրա բնակիչները: Ի՞նչ ասել է բնակիչ: Իրականում այն եղել է եւ պետք է լիներ Հայկական լեռնաշխարհը` որպես մարդկության զարգացման օրրան եւ հայոց քաղաքակրթության բնօրրան:
Մեկ նախադասություն եւս նշեմ. ասում է` նախամարդը դուրս եկավ Աֆրիկայից եւ ժամանակի ընթացքում հասավ նաեւ Հայկական լեռնաշխարհ, ինչից հետո Հայկական լեռնաշխարհը դարձավ կարեւոր հանգրվան: Ի՞նչ է ստացվում՝ որ հայոց լեռնաշխարհը զուտ հանգրվան է: Հետեւությունները թողնում եմ ձեզ: Մեր խմբին ասում են, թե իբրեւ մենք գիտական նոր տեսությունների վրա չենք հիմնվել եւ ամեն բան ներկայացրել ենք որպես անառարկելի ճշմարտություն:
Այսինքն` պատմությունը կասկածի տակ են դնում, ուզում են ասել՝ իրենք Մովսես Խորենացուց լավ գիտեն Հայոց պատմություն, բայց չէ՞ որ Խորենացին դարեր շարունակ սերունդներ է կրթել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում