Մամուլ

Թիվ 189 դպրոցի մանկավարժները հայտարարություն են տարածել՝ ակնարկելով ճշմարտությունը

Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ահազանգի հետքերով անսպասելի այցելել է թիվ 189 դպրոց և դրամահավաքի դեպք բացահայտել: Ծնողները խոստովանել էին, որ վերջին զանգի համար 15 000-ական դրամ են հավաքել:

Ստորև ներկայացնում ենք մի հայտարարություն, որը այսօր սույն դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակի տեսքով հղել է ԿԳ նախարարին․

«Ողջույն բարեմիտ ընթերցողին, նրան ու նրանց, ում արդարամտությանը այս պահին ապավինում է մանկավարժների մի հոծ բանակ:

Չենք թաքցնում՝ ցնցված ենք, զարմացած, զայրացած… Գիտենք, որ մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ ցանկալի է իրենց: Գիտենք նաև, որ հաճախ մտացածին երևույթին փորձում են ճշմարտության քղամիդ հագցնել: Գիտենք և ցավում ենք՝ մարդու հոգու ձևախեղումը տեսնելով:

Ուղիղ մեկ տարի առաջ տիկին Ռ. Դավթյանը ստանձնեց 30-ամյա դպրոցի տնօրենի պաշտոնը: Դպրոցն ուներ հարուստ կենսագրություն, լավագույն ավանդույթներ, բարձր վարկանիշ:

Անձնակազմը բազմաշերտ լռությամբ ընդունեց նորանշանակ տնօրենին. քննախույզ հայացքներ, երբեմն նույնսիկ խուլ դժկամություն… Մի բան ընդհանուր էր, բոլորի աչքերում նույն հարցականն էր՝ կկարողանա՞

Եվ նորընտիր տնօրենը լծվեց տենդագին աշխատանքի՝ իր գույնը խառնելով արդեն արվածին: Կարճ ժամանակում ճանաչվեց, գնահատվեց, սիրվեց անձնակազմի ու աշակերտության կողմից: Վայելեց ծնողների վստահությունն ու հարգանքը:

Ցավոք, ժամանակները խառն են ու խրթին, և զազրախոսությունը գլուխ է բարձրացնում՝ սևացնելու բարձր համարում ունեցող դպրոցն ու նրա աշխատակազմին: Սա որոմ է, որ վրդովում է մեր խաղաղ առօրյան, դառնացնում արդար հացը:

Վստահ ենք, որ առողջ միտքն ու բանականությունը տուրք չեն տա հիվանդ երևակայությանը: Համոզված ենք, որ ջրերը շուտով կպարզվեն, և մղձավանջը տեղը կզիջի դպրոցական վերջին զանգի թախծալուր ղողանջներին: Համոզված ենք, հաստատ գիտենք՝ կապույտի վրա ճանճեր չեն նստում, և ելքը ողջախոհությունն է:

Անսասան հավատով՝ հ. 189 ավագ դպրոցի մանկավարժներ․

Հ.Գ. Վստահ ենք, որ մեր նամակին կմիանա շրջանավարտների ստվար բանակը, որ անանց սեր ունի հարազատ կրթօջախի հանդեպ:

storagrahavaq

Կիսվել