Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ԱՆ մամուլի և լրատվության բաժնից:
Այսօր աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի, ժամը 18:00 դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78195:
Հաստատված դեպքերից առողջացածների թիվը կազմել է 30073: Գրանցվել է 2718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81226 հաստատված դեպք:
Առողջապահության նախարարության կողմից շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները: Բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով:
Երկիր է ներկրվել նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) ախտորոշման համար թեստերի նոր խմբաքանակ:
Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) բուժման ուղղությամբ այսօր որևէ կոնկրետ դեղ չի առաջարկվում, նախարարության մասնագետները ուսումնասիրվել են թե Չինաստանի, թե այլ երկրների կողմից առաջարկվող փորձը, ինչի արդյունքում մշակվում է նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պացիենտների վարման ընթացակարգ:
Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել էր Թեհրան:
Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով, մասնագետի ուղեկցությամբ վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Բոլորը ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Վերջիններիս մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել: Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ:
Նշենք, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն, այսօր Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ:
Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի: