Ընդհատվում է երիտասարդ մի կյանք, Անդրանիկն իր համածառայակից ընկերների հետ անմահանում է տեղում
29-ամյա Անդրանիկ Ավագյանը, որ բոլորին օգնության էր հասնում ամենաանհրաժեշտ պահին, մի օր ինքն էլ օգնության կարիք ուներ, կռիվ էր կյանքի ու մահվան միջև։
MediaHub-ի հետ զրույցում Անդրանիկի եղբոր կինը՝ Քնարն ասաց, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան ծառայության վայրից վերադարձել է տուն։ Պիտի հանգստանար և հանգստյան օրն անցկացներ ընտանիքի հետ։ Կեսօրին Ստեփանակերտի ու մյուս խաղաղ բնակավայրերի, ռազմական ու հասարակական նշանակության օբյեկտների ուղղությամբ սկսեցին կրակել։
«Անդրանիկը դուրս եկավ միանգամից ու սկսեց հարևաններին տարհանել, անօգնական ծերերին ու երեխաներին ուղեկցեց ապաստարաններ, հետո արագ-արագ պատրաստվեց ծառայության վայր գնալու համար։ Հարևանները խնդրեցին, որ չգնա, մանավանդ, որ նոր էր եկել ու այնտեղից չեն կանչել, ինքն ասաց՝ «պատճառ չունեմ մնալու, ծառայող եմ և պիտի լինեմ ծառայության վայրում», ասաց ու գնաց»,- պատմում է Քնարը։
Անդրանիկի հետ կապն այլևս ընդհատվել է։ Իսկ նրա հարազատներն անըդհատ փորձում էին լուրեր իմանալ։ Նույն օրը երեկոյան թշնամին օդային հարվածներով ռմբակոծում է ՊԲ ստորաբաժանումներից մեկը։ Այդտեղ մարտական կարևոր խնդիրներն էր ղեկավարվում։
Ընդհատվում է երիտասարդ մի կյանք, Անդրանիկն իր համածառայակից ընկերների հետ անմահանում է տեղում։
«Իր եղբայր Արթուրը և ընկերները տեղ չեն թողել նրան փնտրելու համար։ Երկու օր անց Անդրանիկի մարմինը հայտնաբերվել է Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։
Դուք չեք կարող պատկերացնել, թե ի՞նչ կատարվեց մեզ հետ, անգամ մեր հարևաններն ասացին՝ «թաղի լույսը մարեց»։ Իրոք, այդքան լուսավոր, հոգատար ու կամեցող մարդ դժվար կարելի էր հանդիպել, հատկապես բլոկադայի օրերին։ Իր ձեռքով մշակած այգու բերքը հավասարապես բաժին էր հանում բոլորին, դրանով ուրախություն պարգևում»,- ասում է մեր զրուցակիցը։
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում