Ընդիմադիր քաղաքական ուժերը հանդիպել են․ ինչ հարցեր են քննարկել
Ընդիմադիր քաղաքական ուժերը հանդիպել են․ ինչ հարցեր են քննարկել
Hraparak.am-ը գրում է․ Երեկ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հավաք-հանդիպում է կայացել «Հայ յեղափոխական դաշնակցության» գրասենյակում։
Մասնակցել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ ԲՀԿ-ից Արթուր Գրիգորյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահի տեղակալ Արա Հակոբյանը, (քանի որ Ավետիք Չալաբյանը Մոսկվայում է) և, բնականաբար, ՀՅԴ ղեկավարները։ Քննարկել են քաղաքական իրավիճակը։
Մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ղեկավար Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ հանդիպման մասնակիցների միջեւ «կա փոխըմբռնում»։ Մենք զրուցեցինք նաև ԲՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի հետ՝ հարցնելով, թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել․
«Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը այսօրվա դրությամբ, մենք լսել ենք բոլորին, ովքեր ներկա են եղել, ամեն մեկը ներկայացրել է իր դիրքորոշումը, իր կարծիքը, և ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ փոխանակվել ենք կարծիքներով։
Մենք համակարծիք ենք եղել, բոլորիս կարծիքները համընկել են, և մենք պայմանավորվել ենք , որ այսուհետ հնարավորության դեպքում ևս կազմակերպենք նմանատիպ քննարկումներ»,- ասաց Գրիգորյանը։
Կոնկրետ նպատակներ դրվել են, գործողությունների քաղաքական քարտեզ կազմվե՞լ է՝ հարցրինք Գրիգորյանին․
«Ոչ, առայժմ նման բան չենք քննարկել, տվյալ օրվա զարգացումների հետ է կապված եղել (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացրած գործողությունները․ Կ․Ս․)։
Մենք քննարկել ենք երեկվա ներքաղաքական իրավիճակը, բոլոր ուժերը ներկայացրել են իրենց կարծիքները, խոսել ենք այդ երևույթի մասին և հետագայում պայմանավորվել ենք անհրաժեշտության դեպքում նորից քննարկումներ կազմակերպել։
Նախաձեռնությունը վաղուց է եղել, և այդ օրվա իրադարձության հետ կապված հրատապ քննարկում է եղել բոլոր ուժերի կողմից»։
Գրիգորյանին հարցրինք նաև՝ քննարկվե՞լ է միանալու և մեկ ընդդիմադիր ճակատ ստեղծելու հարցը, համախմբում հնարավո՞ր է․
«Մենք դեռևս քննարկում ենք ստեղծված իրավիճակը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ պարբերաբար այդ քննարկումները անելու։ Ոչ մի բան չի բացառվում»,- ասաց Գրիգորյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում