«Էս ի՞նչ երկրում ենք ապրում, խոսքի ազատություն էլ չունե՞նք». Պետրոսյանը՝ ԲՀԿ-ականների մասնակցությամբ քաշքշուկի մասին (տեսանյութ)
«Էս ի՞նչ երկրում ենք ապրում, խոսքի ազատություն էլ չունե՞նք». Պետրոսյանը՝ ԲՀԿ-ականների մասնակցությամբ քաշքշուկի մասին
News.am-ը գրում է՝ Ես որեւէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետեւ վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր. Ես չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ իրենց համարեցին հասցեատեր:
Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր ելույթին, որն առիթ դարձավ, որ ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ լինի:
«Ես որեւէ մեկին որեւէ անձնական վիրավորանք չեմ հասցրել, ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի նաեւ այլ անհրաժեշտ ուղղություններով»,-ասաց նա:
Հարցին, թե իր ելույթը ԱԺ-ին հարի՞ր է համարում եւ բա՞րձր է գնահատում, նա ասաց, որ դա պետք է գնահատի հասարակությունը. «Մենք բացարձակ մեղքի բաժին չունենք: Ի՞նչ ենք արել, որ…
Մեղքը պետք է կապված լինի հակաիրավական վարքագծի հետ: Եթե որեւէ մեկը կասի, թե որն է եղել մեր կողմից հակաիրավական վարքագիծը, մենք կփորձենք մեր մեղքը որոնել: Ի՞նչ է նշանակում սրել իրավիճակը:
Պատգամավորն ունի խոսքի ազատության իրավունք, եւ որեւէ մեկն իրավունք չունի պատգամավորին իր խոսքի ազատության համար հետապնդել: Էս ի՞նչ երկրում ենք ապրում, խոսքի ազատություն էլ չունե՞նք»:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ական պատգամավորները փորձեցին բռունցքներին ազատություն տալ, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Այդպիսի բան չի եղել: Քաշքշոց բոլոր խորհրդարաններում էլ լինում է:
Դա ոչ թե սովորական, այլ չբացառվող երեւույթ է: Իհարկե, շարունակություն չի լինելու, մենք մեր տեղը խելոք նստած ենք: Եթե այնտեղ ինչ-որ մեկը կուզենա շարունակություն փնտրել, թող գա որոնի»:
Անդրադառնալով քաշքշուկի պատճառներին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Արման Բաբաջանյանն ինչ-որ ոգեւորության հերթական փուլն էր ապրում, դրանից էր: Ինքն ասել է, որ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի:
Տղա ջան, ինչ-որ մեկը չի, դու իմ անուն ազգանունը չգիտե՞ս: Էդ ի՞նչ խոսալու ձեւ է: Ինչի՞ է ինքը մտածել, որ թիրախում ինքն է»:
Դիտարկմանը, որ դա հիմք էր, որ ԲՀԿ-ականները դուրս գան ու փորձեն բռունցքներով իր «թասիբը» պաշտպանե՞ն, նա արձագանքեց. «Նախ թող մեկը փորձի իմ թասիբը վիրավորի, նոր հետո իմ ընկերները կհելնեն պաշտպանելու: Բայց ընդեղ տենց տղա չկա, որ կարենա իմ թասիբը վիրավորի:
Իրենք էլ են ելնում տարբեր տեսակի ելույթներ ունենում: Բա էդ նույն Բաբաջանյան Արմանը խի՞ չէր հելնում ասում, որ «թաթիկները կտրելը» բռնության քարոզ է, չունե՞ր էդքան դուխ: Պտի Պետրոսյան Գեւորգը խոսա, որ նոր Արման Բաբաջանյանի աստղը փայլի»:
Գեւորգ Պետրոսյանը պնդեց, որ իրենց կողմից ոչ մի անվայել արտահայտություն չի հնչել. «Մեզնից որեւէ մեկը նախահարձակ չի եղել, իրենք էին գրոհել: Բա որ գրոհում են, դու էլ պետք է պաշտպանվես:
Գրոհը միայն պատերազմի դաշտում չի, ռինգ էլ կա»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի հիմք չի տեսնում, որ իրեն կարող են զրկել ձայնի իրավունքից:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր։