Մամուլ

Էջմիածնում տղամարդը պատվիրել էր ծծմբաթթու լցնելու եղանակով այլանդակել կնոջ դեմքը

Էջմիածնում տղամարդը պատվիրել էր ծծմբաթթու լցնելու եղանակով այլանդակել կնոջ դեմքը

ՔԿ-ն հայտնում է, որ կալանավորվել է այն տղամարդը, որը ցանկացել է գումարի դիմաց կնոջ դեմքին ծծբային թթու լցնել։

Շիրակի մարզի 32-ամյա մի տղամարդ է կալանավորվել, որը պատրաստվում էր գումարի դիմաց ծծբաթթու լցնել մի կնոջ դեմքին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ 32-ամյա տղամարդն Էջմիածնի 42–ամյա բնակչի կողմից միջնորդությամբ, մեկ այլ` 43-ամյա բնակչի կողմից պատվեր է ստացել ծծբաթթու լցնելու եղանակով 42-ամյա տղամարդու կնոջ դեմքն այլանդակել։

Պատվերը կատարելու նպատակով 32-ամյա տղամարդը 2022թ. հոկտեմբերին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է կնոջ բնակության վայր։

Սակայն հանցավոր արարքն իրագործել չի կարողացել մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է։ Տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը:

Միաժամանակ, մեղադրանք է առաջադրվել նաև 42-ամյա և 43-ամյա տղամարդկանց։ Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց կալանավորել, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։

Այս մասով նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել