Մամուլ

Էդմոն Մարուքյանը կոմունալ վարձավճարների մասին հայտարարություն է տարածել

Էդմոն Մարուքյանը կոմունալ վարձավճարների մասին հայտարարություն է տարածել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կոմունալ վարձավճարների մասին

Այսօր հանդիպել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին և փոխանցել նրան մեր և հազարավոր քաղաքացիների մտահոգությունները՝ կապված այն հայտարարության հետ, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած։

Պարոն Բաղրամյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարության մեջ հանձնաժողովը տեղեկացրել է նաև, որ անկախ նրանից, թե երկրում ֆորս-մաժորային իրադրությունը համարվում է վերացած, թե ոչ, յուրաքանչյուր սպառող կարող է դիմել կոմունալ ծառայությունների մատակարարին՝ չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս-մաժորի ազդեցության հետևանք համարելու և մատուցվող ծառայությունները չդադարեցնելու համար։

Ընդ որում, պարոն Բաղրամյանի խոսքով, այդ գործընթացը գտնվելու է ՀԾԿ հանձնաժողովի վերահսկողության ներքո։

Այսպիսով, նրանք, ովքեր համաճարակի կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ի վիճակի չեն վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կարող են դիմել գազամատակարարման, էներգամատակարարման կամ այլ համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ մերժում ստանալու դեպքում՝ բողոք ներկայացնել ՀԾԿՀ գրավոր կամ թեժ գծին (010)584529»։

Կիսվել