ՄամուլՏեսանյութ

Զինված, ավազակային հարձակում Արթիկում, հնչել են կրակոցներ․ ինչ է պատահել (Տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտուշ Հարությունյանի, Վոլոդյա Լոռեցյանի և Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև քրեագետները:Տուժողը՝ Արթիկի բնակիչ Մ. Մելիքյանը, ով եղել է իր կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում են եղել, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձնինք, և ներկայացել, որ իրենք ուժային կառույցի աշխատակից են և իրենց հետ պետք է գան բաժին:

Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և նրանց մոտից հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր: Այդ զարդերը տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն:

Այդպես էին ասում դեպքի վայրում հավաքված տուժածների հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, այնուհետև դիմակավորվածները բռնի ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենա և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել:

Որոշ ժամանակ անց Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մ.-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8 հասցեի մոտ՝ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով:

Ստահակները այնուհետև նշված Opel-ով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի համարանիշները ոստիկանները, պարեկներն ու քննիչները ճշտել են, և պարզվել է, որ այդ համարանիշները ժամեր առաջ գողացել են Վանաձոր քաղաքում մեկ այլ Opel-ի վրայից, այս Opel-ն ու այն Opel-ը, որով ճիվաղները իրենց սև գործն են արել, նույն գույնի, նույն մակնիշի Opel է: Իսկ գողացված ոսկեղենը կազմում է մոտ 85 հազար դոլար:

Կիսվել