Զարուհի Փոստանջյանը զգուշացրել է գործող իշխանություններին
Զարուհի Փոստանջյանը զգուշացրել է գործող իշխանություններին
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը զգուշացրել է գործող իշխանություններին եւ հայտարարություն է տարածել այս առնչությամբ:
«Զգուշացում Գործող Իշխանավորին
Հայաստանի Հանրապետության անունից՝ գործող իշխանություն, եթե չգիտես, ապա՝ իմացիր։
20-րդ դարի սկզբին՝ Ռուսական կայսրության անկումից հետո, կովկասյան թաթարների համար ստեղծված «Ադրբեջանի Հանրապետություն» քաղաքական նախագծի հիմքում ընկած էր նաև հայերին պատկանող կենսական տարածքների և կարողությունների օտարումը:
«Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի իրագործմամբ մենք՝ հայերս, կորցրեցինք մեր հայրենիքի անբաժան մաս կազմող, կենսական նշանակության ռազմաքաղաքական կարևոր կենտրոններ` Արցախ նահանգը (11,528 քառ. կմ), Ուտիք նահանգը (11,315 քառ. կմ) և Վասպուրական նահանգի՝ Նախիջևան գավառը (5,363 քառ. կմ):
Խորհրդային Միության անկումից հետո «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի հեղինակներին մասամբ հաջողվեց կասեցնել նախագծի տապալումը: Մենք՝ հայերս, կարողացանաք ազատագրել մեր հայրենիքի՝ բացառապես Արցախ նահանգի զգալի մասը, ինչպես նաև Ուտիք նահանգի մի փոքր մասը՝ թրքական վայրագ տարրից:
Այն որ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագիծը վտանգի տակ է և ենթակա է վերանայման՝ «բարելավման», նախագծի հեղինակները հասկանում և գիտակցում են: Այդ «վերանայման» ուղղությամբ վերջիններս գործադրում են որոշակի ջանքեր` (օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմ և «Ադրբեջանի Հանրապետություն» տարածքի ԵՏՄ ներգրավվում):
Այժմ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի բաժնետերերից մեկին՝ մեր հայրենակից Միսակ Լազարյանին, ով 2012 թվականից ի վեր գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կալանավորելու և հանձնելու նախաձեռնությունը լրացուցիչ վկայություն է «Ադրբեջանական Հանրապետություն» նախագծի «բարելավման» սպասարկման վերաբերյալ:
«Մուղամի» սիրահարներ և կեղծ խաղաղասերներ.
Ձեր գործունեությունը որակվում է որպես պետական դավաճանություն:
Թրքական վայրագ տարրի առաջնորդի հետ փակ դռների հետևում երկարատև բանակցությունները և հետագա հայտարարությունները` «կիրթ Ալիևի» և «Ադրբեջանի ժողովրդին բավարարելու» վերաբերյալ հիշեցնում են խաչագողին:
«Թավշյա հեղափոխականներ».
Մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից Ձեր գործողությունները գռեհիկ են և ավտորիտար:
Հ.Գ. Գործող իշխանավոր.
Մենք չենք մոռացել, և դու էլ մի մոռացիր ընդհատակում և կալանավորի կարգավիճակում գտվելու մութ անցյալդ:
Հայաստանի Հանրապետության անունից գործող անձինք զգուշացեք 21-րդ դարի «Նեմեսիսի» մարտիկներից:
Սրբությունները առևտրի առարկա չեն։ Արյամբ ազատագրված հայրենիքում հոգիները լսում են Կոմիտաս և ապրում նրա ոգով»։