«Երևան Սիթի»-ում կողոպուտի է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը. նրանից հափշտակել են 400 հազար ՌԴ ռուբլի
«Երևան Սիթի»-ում կողոպուտի է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը. նրանից հափշտակել են 400 հազար ՌԴ ռուբլի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները Արգիշտի փողոցում վնասազերծել են մոտ 3 մլն դրամին համարժեք ՌԴ ռուբլի կողոպտողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Արգիշտի փողոցում ծառայություն կատարող ՃՈ 1-ին սապայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանին ու Վաչագան Սարգսյանին է մոտեցել Երևանի բնակիչ 40-ամյա Վահե Սարգսյանը և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր թևի տակ դրած տոպրակը, որի մեջ եղել է 3 մլն դրամին համարժեք՝ 400 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները ճշտել են, թե որ ուղղությամբ է կողոպտիչը դիմել փախուստի և տուժած Վ. Սարգսյանի հետ հետապնդել են նրան և կարողացել են բռնել ու վնասազերծել:
Կողոպտիչը ով Երևանի բնակիչ, 36-ամյա Էդգար Սարուխանյանն է, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոնը:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Թաչ Էֆ Էքս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: