Մամուլ

Երևանում պարեկները վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են հանցագործին, ով խանութում դանակահարել էր աշխատակցին

Երևանում պարեկները վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են հանցագործին, ով խանութում դանակահարել էր աշխատակցին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 14-ին, Երևանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, նույն գումարտակի հրամաատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են հանցագործության վայրից բավականին հեռավորության վրա հետապնդել ու պրոֆեսիոնալ կերպով վնասազերծել զինված հանցագործին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Արմենիա բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «որովայնի և աջ ջեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Կարեն Ի․-ն է։ Պարզվել է նաև, որ նա դանակահարվել է Ֆուչիկի փողոցի 23/1 հասցեում գործող խանութի ներսում։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչների հետ աշխատում էին, պարեկները տեղեկություն են ստանում, թե Կարեն Ի․-ին դանակահարածը դեպքի վայրից որ ուղղությամբ է դիմել փախուստի, ու արդեն Գ․ Առաքելյանը, Ա․ Հովհաննիսյանը ու Ա․ Այվազյանը նկատում են ենթադրյալ կասկածյալին, ով էլ իր հերթին տեսնելով, որ պարեկները գալիս են իր ուղղությամբ, դիմում է փախուստի, սակայն ինչպես ժողովուրդն է ասում պարեկները նրան ապացուցում են, թե «ում օրն է 40 օր»։

Երբ նրան վնասազերծում են, նրա ձեռքին է լինում խոհանոցային դանակ, որի վրա էլ առկա են լինում արնանմնան հետքեր։

Արդեն ժամանում են ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ու կասկածյալին տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Քննիչն էլ դեպքի վայրի զննության ժամանակ առգրավում է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը։

Կասկածյալը Ոստիկանության Մաշտոցի բաժնից ներկայացվում է Աջանյակ և Դավիթաշեն վարչական շրջանների Քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել