Մամուլ

Երևանի թիվ 122 դպրոցում մերժել են արցախցի երեխային ընդունել դպրոց

Երևանի թիվ 122 դպրոցում մերժել են արցախցի երեխային ընդունել դպրոց

Hraparak.am-ը գրում է․ 100 հազարից ավելի արցախցի այսօր այստեղ է` Հայաստանում: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որը բաժանվել է երկու մասի` կարեկցողների եւ անխիղճ անհոգիների:

Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ամեն հնարավոր ձեւով փորձում են օգնել, աջակցել բռնի տեղահանված արցախահայերին, բայց նրանց կողքին ապրում են նաեւ մարդիկ, ովքեր սառնասիրտ են, անտարբեր, երբեմն` դաժան:

Մաշտոցի պողոտայում գտնվող «Մաշտոց» հյուրանոցը հրաժարվել է իրենց գումարի դիմաց հյուրընկալել արցախցի ընտանիքին, ասել են` մահճակալները կկոտրեք: Նաեւ հեռախոսազանգեր էինք կատարել՝ տարբեր բարեգործական առաջարկների հեռախոսահամարներով, զանգահարել էինք մարդկանց, որոնք անվճար բնակարաններ են առաջարկում սոցցանցերում, եւ պարզել էինք, որ այդ համարների մեծ մասն անհասանելի է, առաջարկները կեղծ են, ծրագրերն արդեն փակվել են եւ այլն:

Այսինքն, արցախահայերին օգնելու առաջին հանրային առաջարկների մեծ մասն իրական չէ, եւ կարեկցանքի ու աջակցության տպավորությունն էլ խիստ չափազանցված է:

Երեկ մենք հերթական ահազանգը ստացանք` մեզ է դիմել արցախցի մի բազմազավակ մայր, ով պնդում է, որ Երեւանի թիվ 122 դպրոցում մերժել են ընդունել իր 8-ամյա որդուն` անտրամաբանական եւ անհասկանալի պատճառաբանություններ բերելով:

Մեր զրուցակիցը խնդրեց չհրապարակել իր անունը, եւ մենք ընդառաջում ենք նրան` ներկայացնելով նրա պատմածը։ 

«Բազմազավակ մայր եմ, ունեմ չորս երեխա: Տղաս 8 տարեկան է, մնացած երեքը մեծ են` ուսանողներ են: Որդիս Արցախում` Ստեփանակերտում սովորել է ռուսական դասարանում: Մտածողությունը ռուսական է, կրթությունը` եւս, նրան շատ դժվար կլինի հաճախել հայկական դպրոց` հայկական դասարան:

Դիմեցինք Երեւանի թիվ 122 դպրոց, ռուսական կրթությամբ դասարաններում տեղավորելու համար, սակայն մեզ պատասխանեցին, որ չեն կարող ընդունել երեխային, որովհետեւ մեր երեխայի ծնողներից եւ ոչ մեկը ՌԴ քաղաքացի չէ, եւ հետո` երեխան պետք է հինգ տարի շարունակ ռուսական կրթություն ստացած լինի, որպեսզի ընդունեն դպրոց:

Սակայն իմ երեխան երրորդ դասարան է, ռուսական կրթություն ստացել է ընդամենը երեք տարի: Ասացի` լավ, դե որ ձեր օրենքն այդպես է պահանջում, կդիմենք ԿԳՄՍ նախարարություն: Դիմեցինք նախարարություն, նախարարությունից մեզ համոզում էին, որ հայկական դպրոց դիմենք: Բայց ինչո՞ւ: Երեխան երեք տարի ռուսական դպրոց է հաճախել, ինչո՞ւ հավելյալ դժվարություն առաջացնել առանց այդ էլ մեծ դժվարություններ տեսած, սթրեսի ենթարկված երեխայի համար: Այս պահին երեխաս ոչ մի դպրոց չի հաճախում:

ԿԳՄՍՆ-ից ասացին, որ հարցին լուծում կտան, հետո մեզ զանգահարեցին, ասացին, որ կարող ենք դիմել դպրոց եւ գործընթացը սկսել: Նորից ենք դիմել, դրանից հետո էլ ասացին, որ պետք է հանձնաժողով նշանակվի, եւ եզրակացություն կազմվի, երեխան իսկապե՞ս ռուսական դասարանի պահանջներին համապատասխանում է, թե՞ ոչ:

Նշանակեցին հանձնաժողով, զրուցեցին երեխայի հետ, եկան այն եզրակացության, որ իսկապես իմ երեխան պետք է ռուսական դասարանում սովորի: Դրանից հետո նորից դպրոցը մերժում է ընդունել երեխայիս: Այսօր գնացել եմ դպրոց, գիտե՞ք, թե հիմա էլ դպրոցից ինչ պատճառաբանեցին, ասում են՝ եթե երեխան նույն դպրոցում չունի քույր կամ եղբայր, չեն կարող ընդունել: Ո՞վ է նման բան լսել: Ինչի՞ համար: Իմ երեխան դպրոցական տարիքի քույր կամ եղբայր չունի: Դա ի՞նչ պատասխան է»,- զարմանում է արցախցի կինը: 

Կիսվել