Երկրի թիվ մեկ «թամադան» հայագիտական և հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա»․ Աշոտյան
Երկրի թիվ մեկ «թամադան» հայագիտական և հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը
«Բժշկության մեջ մի տերմին կա «լոգորեա»: Այն կազմված է հունական logos` խոսք, և rea` հոսալ, ծորալ, բառերից: Ռուսերեն՝ словесный понос: Հայերեն կարող է թարգմանվել, երևի, որպես բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն:
Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը, ինչի լավագույն ապացույցն է Փաշինյանի երեկվա հանդիպումը Ֆրանսիայի հայկական համայնքի հետ: Մարդը այնքան վիճելի, սխալ, սուտ և անտեղի բաներ ասաց, որ չգիտես էլ , որ մեկից սկսես, ինչով ավարտես:
Էլ հումանիտար առարկաների դասավանդումը թամադայության հետ համեմատել, էլ հայ-ամերիկյան հարաբերություններում բնությանը անհայտ ինչ-որ ճեղքում, էլ Արցախի հարցում դեմագոգիկ ճոռոմաբանություն, էլ հայ-վրացական “աննախադեպ” հարաբերություններ, էլ մինչև տարեվերջ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ակնհայտ սուտ:
Շատ չար ու ժիր երեխեք են լինում, որ այնքան են թափրտում, քանդում, փշրում ու ջարդում, որ հետևներից չեն հասցնում հավաքել: Հիմա Նիկոլ Փաշինյանն է: Որոշել է այնքան ու միանգամաից ամեն ինչի մասին ստից-մտից, մակերեսային, կեղծ ու զավեշտալի բաներ ասի, որ հետևից մաքրելու համար մի առանձին գիտահետազոտակյան ինստիտուտ պիտի պահես:
Հ.Գ. Մի հատ խորացեք, խնդրում եմ: Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հայագիտական և այլ հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա» (հարգանքս իրենց հացը իրենց աշխատանքով վաստակող սեղանապետերին)»: