Երկրի բարձրագույն ղեկավարը թյուրիմացության մեջ է. Մելքումյան
Երկրի բարձրագույն ղեկավարը թյուրիմացության մեջ է. Մելքումյան
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Բարձրագույն պաշտոնյան թյուրիմացության մեջ է՝ պղնձաձուլարանի շահագործումը կապելով ապաշրջափակման հետ
Այսօր լսեցի երկրի բարձրագույն պաշտոնյայի ելույթը հանրապետության մարզերից մեկում հանրահավաքի ժամանակ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում կան պղնձի հանքաքարի խոշոր պաշարներ, և մեզ պետք է պղնձաձուլարան։
Ասեմ, որ դրա անհրաժեշտության մասին ես խոսում եմ արդեն 10 տարուց ավելի, այդ թվում՝ նրա պատգամավոր և վարչապետ եղած ժամանակ։
Նա պղնձաձուլարանի բացումը կապում է երկաթուղու հետ։ Ասեմ, որ պարտադիր չէ, որովհետև, ինչպես միշտ, որևէ մասնագիտական հաշվարկ նրա կողմից չբերվեց։ Օրինակ, որքա՞ն պղնձի խտանյութ և որքա՞ն մաքուր պղինձ է հնարավոր ստանալ մեր երկրում։
Ասեմ հստակ թվերը։
Վերջին տարում հանրապետությունում արդյունահանվում է շուրջ 45 մլն տոննա մետաղական հանքանյութ, որից ստանում ենք շուրջ 420 հազար տոննա պղնձի խտանյութ և 10 հազար տոննա մոլիբդենի խտանյութ։ Այդ 420 հազար տոննա պղնձի խտանյութից կարելի է ստանալ ընդամենը 100 հազար տոննա մաքուր պղինձ։
Ինչ վերաբերում է ծծմբաթթվին, պղնձի խտանյութի ձուլման ժամանակ ոչ թե միանգամից առաջանում է ծծմբաթթու, այլ առաջանում են ծծմբային գազեր, որոնք կարելի է կորզել և ստանալ ծծմբաթթու։
100 հազար տոննա պղնձի հաշվարկով ստացվող ծծմբաթթվի ծավալը հարաբերականորեն մեծ չէ։ Դրանից կարելի է ստանալ գիպս և այլ նյութեր, գիպսից՝ գիպսակարտոն և այլն։ Իսկ պղինձը Ալավերդուց Գավառի «Գեղամա» կամ Երևանի կաբելի գործարան կարելի է հասցնել ոչ միայն երկաթուղով, կամ, եթե ցանկություն, կա, կառուցիր Հայաստանի ներքին տարածքում երկաթուղի։
Կրկնում եմ, այս հարցի շուրջ ես խոսում եմ տարիներ շարունակ, ունեմ նաև տպագրված ընդարձակ հոդված։
Եվ հիմնավորել պղնձաձուլարանի կառուցումը միայն ապաշրջափակմամբ՝ նշանակում է, մեղմ ասած, խորամուխ չլինել խնդրի էության մեջ։
Հերթական ոչ պրոֆեսիոնալ կառավարության հարցադրումները։
Խնդրի էությունն ավելի լավ հասկանալու համար տեղադրում եմ նաև իմ և տնտեսագիտության թեկնածու Ա.Առաքելյանի հոդվածը 2017թ. «Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրի 7-8 համարում «Նոր պղնձաձուլական ձեռնարկության կառուցումը Հայաստանում հրամայական է» վերնագրով։
Կրկնում եմ՝ 2017 թվականին։
Հիմա 2021 թվականն է։
Դատեք ինքներդ»։