ՄամուլՇոու-բիզնես

Երգի պետական թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից. Նրան այդ պաշտոնում փոխարինել է կոմպոզիտորի դուստրը

Երգի պետական թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից. Նրան այդ պաշտոնում փոխարինել է կոմպոզիտորի դուստրը

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ազատվել է տնօրենի պաշտոնից։ Վերջինս 2019թ. նշանակվել, իսկ 2020թ. մարտի 10-ին ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում:

Նա այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, «ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել, և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով»:

«Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ:

artur grigoryan

Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»,- գրել է նախկին տնօրենը:

Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել նոր տնօրենին և իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում էլ աջակցելու իր ուժերի ներածի չափով: «Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ»,- գրել է Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը, նշենք, Երևանի «Իմ քայլը» խմբակցությունից է, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Տեղեկացանք, որ տնօրենի ԺՊ է նշանակվել վերջերս կյանքից հեռացած կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։ Վերջինս 2010 թվականից զբաղվում էր Հայաստանի Երգի պետական թատրոնի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի պրոդյուսինգով։

Կիսվել