Մամուլ

Երբ Լիլիթ Մակունցը կնշանակվի դեսպան. «Ժողովուրդ»

Երբ Լիլիթ Մակունցը կնշանակվի դեսպան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանալու, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Բանն այն է, որ դեռեւս ագրեմանն էլ չկա։ Իսկ ի՞նչ է ագրեմանը, եւ, ընդհանրապես, ինչպես է տեղի ունենում այս կամ այն երկրում դեսպան նշանակելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սովորաբար ագրեման տալու գործընթացն այնքան էլ հեշտ չէ եւ հաճախ ենթակա է լինում նաեւ մերժման:

Սկզբում դեսպան նշանակող երկիրը նշանակման երկրի արտաքին գործերի գերատեսչություն է ուղարկում հարցում՝ դեսպանի թեկնածուի կենսագրությունը՝ հայտնելով նրան դեսպան նշանակելու մտադրության մասին:

lilit makunts

Այնուհետեւ ընդունող երկիրն ուսումնասիրում է թեկնածուի կենսագրությունը, ու եթե տվյալ թեկնածուն իր համար ընդունելի է, համապատասխան նոտայով հաստատում է, որ համաձայն է, որ տվյալ անձն իր երկրում նշանակվի դեսպան: Սովորաբար ագրեմանի հարցում ուղարկելու, ինչպես նաեւ դրա մերժման մասին չի բարձրաձայնվում:

Ընդ որում, հետաքրքիր է, որ, որպես այդպիսին, ագրեման ստանալու համար նախատեսված ժամկետ չկա. մի երկրի դեպքում դա կարող է լինել 40-45 օրը, մեկ այլ երկրի դեպքում՝ 2 ամիսը եւ այլն, սակայն 100 օրը համարվում է առավելագույն ժամկետ:

Այսինքն՝ այնպես չէ, որ Լիլիթ Մակունցը մոտակա օրերին դեսպան է նշանակվելու, քանի որ գործընթացն իրականում երկարատեւ է, եւ դեռ պետք է ուսումնասիրեն Լիլիթ Մակունցի կենսագրությունը, նրա անցած ուղին ամերիկյան կողմի համար ընդունելի է, թե ոչ, եւ նոր միայն որոշեն՝ տալիս են արդյոք իրենց համաձայնությունը՝ նրան որպես դեսպան հյուրընկալելու, թե ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել