Երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարներն էլ բարձրացան
Ավագանին այսօր հաստատել է նաև Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները:
Անդրադառնալով որոշման նախագծին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ այս փոփոխության նպատակը երաժշտական դպրոցներում դասաժամերն ավելացնելն է, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ինչպես նաև ուսուցիչների աշխատավարձերը։
Մատուցվող ծառայությունների վճարների բարձրացումն, ի դեպ, որևէ բեռ չի ավելացնի քաղաքացիների վրա, այն կփոխհատուցվի Երևան համայնքի միջոցներով: Նշվել է նաև, որ տեղական վճարի արժեհաշվարկի հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանը:
Օրակարգի մեկ այլ հարցով Երևանի ավագանին հավանություն է տվել նաև 2019 թվականին տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Երևանի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը 2019թ. ծրագրերի, բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, ինչպես նաև արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման:
Լիանա Մարտիրոսյան