Մամուլ

Երազիս ասել է՝ «մա՛մ, ես ողջ եմ, էլ չլացես»

Երազիս ասել է՝ «մա՛մ, ես ողջ եմ, էլ չլացես»

ԱԱԾ-ն երեկ հայտարարեց՝ օրերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որի մոտ նաև զենք է եղել, որպես «բարի կամքի դրսևորում» կվերադարձվի Ադրբեջան:

Ի՞նչ են զգում այն ծնողները, որոնց որդիները տարիներով Բաքվի բանտում են, որոնց գտնվելն ադրբեջանական գերության մեջ Ալիևի ռեժիմը չի ընդունում, թեև հարազատները և իրավապաշտպան կազմակերպությունները նրանց նույնականացրել են տեսանյութերով: Ի՞նչ են զգում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հույսը չեն կորցնում, որ մի օր, Աստված տա…

2020 թվականի սեպտեմբերի 26-ից առ այսօր Մանյա Երկնափեշյանը որդու՝ ժամկետային զինծառայող Սերգեյ Անանյանից ոչ մի տեղեկություն չունի։ 

MediaHub-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին անգամ խոսել է պատերազմից մեկ օր առաջ երեկոյան։ Հաջորդ օրն առավոտյան սկսվել է պատերազմն ու տևել 44 օր։ Այդ ընթացքում տիկին Մանյան լսել է միայն, որ Ջրականում (Ջաբրայիլ) թեժ մարտեր են․ որդու մասին առ այս պահը լսել է միայն ոչ հստակ՝ իրարամերժ տեղեկություն։ 

«Հրամանատարներն ու ընկերները խուսափում են առերես հանդիպումից։ Դասակի հրամանատարն ասել է, որ խմբերի են բաժանվել, 3 հոգի գնացել են այլ ուղղությամբ, Սերգս ու ևս 5 հոգի 119 մարտական դիրք, դասակի հրամանատարին էն 3 հոգուց մեկն է ասել, ով զոհվել է, այսինքն, հնարավոր է, և այդ տղան հանդիպած էլ չլինի, որովհետև տարբեր ուղղությամբ են եղել։ Հետո Ջրականի ուղղությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել, արդյունք չի տվել անգամ այնտեղից բերված մասունքները՝ ԴՆԹ հետազոտությամբ»,- ասաց Մանյա Երկնափեշյանը։ 

Տավուշի մարզի Կողբ գյուղից Սերգեյի հարազատները 2022-ին գնացել են Արցախ, հանդիպել հրամանատարական կազմի հետ։ Հակառակ ծնողների ցանկությանը, հանդիպում այդպես էլ պատասխանատու անձանց հետ տեղի չի ունեցել։ Մեկն ասել է զոհվել է, մյուսներն ասում են չեն տեսել։ 

«Մեկը մյուսից տարբեր ինֆորմացիա են տվել։ Արդեն 3 տարի ու կես, մենք անորոշության մեջ ենք։ Ես հավատում եմ Աստծուն, իմ Սերգեյին եմ հավատում ու իմ երազներին։ Երազիս ասել է՝ «մամ, ես ողջ եմ, էլ չլացես», մտածում եմ այդ տարածքից գերեվարվել է»,- ասաց մայրը։

Ողջ մնացածները խուսափում են հանդիպումից, կամ տարբեր լուրեր են հայտնում ընտանիքին։ Իսկ Անանյանների ընտանիքը շարունակաբար սպասում է հրաշքի՝ հավատալով դրան։ «Զոհված տղաններից մեկը Լյուդվիգ Ավդալյանն է, ում, կարծեմ, ադրբեջանցիները սպանված վիճակում վիդեո էին տարածել: Ուզում էի զանգեի էդ տղայի պապային, գուցե ինչ որ բան իմանային, բայց չկարողացա… նախ իրենց կրկին անգամ չցավեցնելու, հետո էլ երևի ինձ»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Զինվորի մայրը երեկ լսել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի հատվածում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Վրդովվել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ իր լեզվով չի խոսում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել