Մամուլ

«Ես Ղուշչյանին ոչ մի առևանգում չեմ արել, Ղուշչյանը հիվանդ է, հիվանդ»․ Ալեքսանյանը հարցաքննվել է

Գործարար Սամվել Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Համլետ Ղուշչյանի հայտարարությունն իրեն առևանգելու ու սպառնալու մասին։ Ալեքսանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Գործարար Սամվել Ալեքսանյանը հաստատեց լուրերն այն մասին, որ իրեն քննչական մարմին են հրավիրել վկայի կարգավիճակով` հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի տված հաղորդման հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ինչ վերաբերում է Ղուշչյանի մեղադրանքին, թե Ալեքսանյանն իրեն առևանգել ու սպառնացել է, գործարարը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում։

«Ես Ղուշչյանին ոչ մի առևանգում չեմ արել։ Ղուշչյանը հիվանդ է, հիվանդ։ Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»,– ասաց նա։

Հիշեցնենք, Համլետ Ղուշչյանը լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել:

Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել էին ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու համար: Հեռուստամեկնաբանի հաղորդման հիմքով Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ։

Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել