«Ես ընդամենը 10 րոպե է`այստեղ եմ, արդեն հոգով կապվեցի այս մարդկանց»․ Նախագահի տիկնոջ այցը «Բարի տնակ»
Մի քանի տարվա ամենօրյա աշխատանքից, բարեգործական ծրագրերից ու դրամահավաք միջոցառումներից հետո «Բարի մամա» ՀԿ-ի կառուցած «Բարի տնակ»-ն արդեն բացել է իր դռները հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց մայրերի առջեւ: Հունվարի 8-ից այստեղ բնակվում է չորս ընտանիք, շատերն էլ հաճախ այցելում են՝ բուժական թերապիաներին մասնակցելու: Բարի տնակի առաջին հյուրն այսօր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն էր:
Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից «Բարի տնակ»-ին նվիրաբերվել է 2 միլիոն 664 հազար դրամ, որն ուղղվել է տնակի ջեռուցման համակարգի ձեռքբերմանը: Այդ նպատակով էլ Նունե Սարգսյանը հրավիրվել էր վերականգնողական կենտրոն` ծանոթանալու կատարված աշխատանքներին:
Շրջայցի ընթացքում «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը նախագահի տիկնոջը ներկայացրեց կենտրոնի պայմաններն ու հնարավորությունները, ինչպես նաեւ նշեց, թե դեռ ինչ անելիքներ կան մասնաշենքում: Պարզվեց` հիմնական աշխատանքներն արդեն արվել են եռահարկ տնակում, մնում է տեղադրել վերելակը, որը կօգնի սայլակով տեղաշարժվող երեխաներին:
««Բարի մամա» կազմակերպությունը տարիներ շարունակ համեստորեն, սուսուփուս արել է իր գործը, եւ ինձ համար նրանք բացահայտում էին, քանի որ շատ հայտնի չեն: Եվ հիմա, առաջին անգամ մտնելով այս իսկապես բարի տեսքով տնակը՝ շատ տպավորված եմ եւ հույս ունեմ, որ կկարողանամ օգնել նրանց ինչով հնարավոր է` իմ ներկայությամբ կամ այլ աջակցությամբ:
Ես վստահ եմ, որ նրանք շատ հաջող ապագա ունեն, քանի որ շատ կարեւոր գործ են անում: Իհարկե, դեռ շատ անավարտ գործեր կան այս շենքում, բայց հուսով եմ` արագ եւ հաջողությամբ կկատարվի մնացած աշխատանքը, որպեսզի օգնություն ցուցաբերվի հաշմանդամություն ունեցող բալիկներին ու նրանց մայրերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նունե Սարգսյանը:
Նա ընդգծեց` կարեւորն այն է, որ մարդիկ փոխեն իրենց մոտեցումը հաշմանդամություն ունեցող երեխաների եւ մեծահասակների նկատմամբ, որպեսզի նրանք կարողանան լիարժեք ինտեգրվել հասարակությանը:
Տիկին Սարգսյանը նկատեց, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի խնդիրներ, եւ ուրեմն ինչո՞ւ պիտի չարությունն ու նախանձը չհամարվեն հաշմանդամություն, իսկ, օրինակ, չլսելը, չտեսնելը կամ չքայլելը` համարվեն.
«Կարեւորը՝ մեր երկրում այսպիսի անձանց եւ երեխաներին կրթություն տալն է, խնամելը, արվեստ կամ արհեստ սովորեցնելը, որպեսզի դրանով լցվի նրանց կյանքը, կարողանան ինքնուրույն ապրել երկար տարիներ եւ մենակ չզգալ»:
Հանդիպման ավարտին Մարինա Ադուլյանը նախագահի տիկնոջը նվիրեց իրենց սաների կողմից պատրաստված փայտե գունավոր տուփը, որում թեյ եւ չիր կար: Նունե Սարգսյանը խոստովանեց, որ շատ է սիրում թեյ եւ չիր, մանկության տարիներին նույնիսկ հաճախ է չիր պատրաստել տատիկի հետ:
Հետագայում «Բարի մամա» կազմակերպության հետ
համագործակցության մասին տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ես ընդամենը տասը րոպե է`այստեղ եմ, եւ արդեն հոգով կապվեցի այս մարդկանց, այս կազմակերպությանը, այնպես որ հուսով եմ՝ իրենք էլ ինձ կկապվեն, եւ մենք կշարունակենք մեր համագործակցությունը»:
Հիշեցնենք, որ «Բարի տնակը» կազմված է երկու շինություններից: Առաջինն արդեն պատրաստ է (վերականգնողական թերապիաների հարկ, իվենթ-հարթակ եւ ապաստարան այն կանանց համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին):
Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել հաշմանդամության պատճառով լքված եւ մանկատներում հայտնված երեխաներին:
Եթե դուք նույնպես ցանկանում եք աջակցել «Բարի տնակ» նախագծի իրագործմանը, ապա կարող եք այցելել կազմակերպության պաշտոնական կայքէջ՝ http://barimama.org/am/home/ և ծանոթանալ մանրամասներին։
Աղբյուր՝ bravo.am