«Ես դա Ձեզ երբևիցե թույլ չեմ տա»․ Արմեն Դարբինյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ես դա Ձեզ երբևիցե թույլ չեմ տա»․ Արմեն Դարբինյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Տիար Փաշինյան,
Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակործան և պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմի և ԿԳՍՄ նախարարության զգալի ուժեր լծել եք Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորին պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը: Համոզվելով սակայն, որ նման տվայտանքները անիմաստ են և անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ և հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ:
Միանգամից ասեմ, որ ծիծաղելով մերժում եմ Ձեր այս անհեթեթ պահանջը՝ համարելով սակայն, որ Ձեր հոտառությունը Ձեզ չի դավաճանել. ի դեմս ինձ և իմ համակիրների Դուք ունեք և ապագայում կունենաք ամենաջերմեռանդ քաղաքական հակառակորդներ, և եթե ես երբևիցե որոշեմ հրաժարական տալ, ապա այն կունենա միայն մեկ նպատակ. քաղաքականապես Ձեզ տապալել և քոքահան անել նիկոլիզմը Հայաստանյան քաղաքական ասպարեզից:
Բնավ զարմանալի չէ, որ Դուք հանդգնել եք Ձեր թարախակալ հայացքը նետել և անարժան ձեռքը բարձրացնել մեր համալսարանի վրա. այն Արժեքները, որոնք դրված են մեր գործուեության հիմքում, տրամագծորեն հակառակ են Ձեր անձի էությանը և հոգեկերթվածքին: Մեր Արժեքներն են. Սերը, Ազատությունը, Արժանապատվությունը, Արդարությունը, Ստեղծարարությունը, Համերաշխությունը, Իմացությունը և Անձնային աճը: Ձեզ հոգեհարազատ են հակառակ հասկացությունները. ատելությունը, թշնամանքը, բռնաճնշումը, քանդումը, տգիտությունը, խառնակչությունը, սողունությունը:
Կա ևս մի պատճառ՝ իմ և իմ գլխավորած համալսարանի նկատմամբ Ձեր թշնամանքի դրսևորման. դա Ձեր հակառուսական էությունն է, որը Դուք երբեք չեք թաքցնի, անգամ Ձեր այժմյան կռացած և վասալային կեցվածքի տակ:
Գաղտնիք չէ, որ Հայ-Ռուսական համալսարանի մեկնարկը տրվել է ՌԴ վարչապետ Պրիմակովի և ՀՀ վարչապետ Դարբինյանի ջանքերով և որոշումներով, վերջինս իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է համալսարանի կայացմանը, և այսօր հպարտ է գլխավորել Հայաստանի լավագույն համալսարանը, որը նաև մեր երկրների և ժողովուրդների եղբայրական կապի և դաշնակցային հարաբերությունների դրսևորման բացառիկ օրինակ է:
Այս ամենը խորթ է Ձեզ, քանի որ Դուք անհաղորդ եք հայ-ռուսական բարեկամությանը, և ըստ ամենայնի ի սկզբանե ստացել եք Ձեզ կառավարող կենտրոններից այս եզակի հզոր կառույցի կազմաքանդման հրահանգ: Ապա իմացեք, որ ես դա Ձեզ երբևիցե թույլ չեմ տա:
Եվ վերջինը. հաշվի առնելով Ձեր հիստերիկ և անբռնազբոս խառնվածքը, որի մասին հանրությանը վաղօրոք տեղեկացրել էր ԱԱԾ արժանապատիվ սպա գնդապետ Համբարձումյանը, նրա հետնորդ Աբազյանը, որը ամենայն հավանականությամբ համաձայնվել է ծառայել Ձեզ որպես անձնական օգտագործման առարկա, այլևս ԱՆՁՆԱՊԵՍ է պատասխանում ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի անվտանգության համար:
Պատիվ ունեմ:
Արմեն Դարբինյան