ԺամանցՍպորտ

«Ես գիտակցաբար եմ գնում այդ քայլին»․Նազիկ Ավդալյանը թողնում է սպորտը և փնտրում այլ աշխատանք

Tert.am Life-ը գրում է․ Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի` կարիերան ավարտելու և իրեն ընտանիքին նվիրելու մասին պատմել է իր ընթերցողներին։

Սպորտը թողնելուց հետո մեկուկես տարի միայն որդու խնամքով և ընտանեկան հարցերով զբաղված Նազիկը հիմա մտածում է աշխատանքի անցնելու մասին։ Նա հայտնեց, որ ծանրամարտով չի զբաղվի, մարզչական գործունեություն էլ ծավալել չի պատրաստվում։

Աշխատանքի համար Նազիկը մի քանի ոլորտ է դիտարկում։ «Քանի որ տարբերակներ եմ դիտարկում, առայժմ չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ ոլորտում են պատրաստվում աշխատել։ Ժամանակից առաջ ընկնել չեմ ուզում,– ասաց նա, ապա նկատեց, որ աշխատելը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար,– Մարդը պետք է աշխատի, որպեսզի իրեն լիարժեք զգա, որևէ մեկից կախում չունենա։ Ինքնագնահատականդ էլ է ավելի բարձր, երբ աշխատում ես»։

Ծանրամարտով չզբաղվելը Նազիկի համար ցավալի որոշում է, քանի որ շատ է սիրում իր աշխատանքը, սակայն գիտակցում է` սպորտային կարիերան ժամանակավոր է։

«Դա իմ կյանքն է եղել, սակայն ես գիտակցաբար եմ մոտենում այդ հարցին։ Հիմա իմ առօրյան ու կենցաղը լիովին փոխվել են,– ասաց նա ու վստահություն հայտնեց, որ հիմա կկարողանա աշխատանքն այնպես կազմակերպել, որ ընտանիքի անդամները, մասնավորապես որդին, չզգան իր բացակայությունը,– Կաշխատեմ օրս այնպես պլանավորել, որ երեկոներն ընտանիքիս հետ անցկացնեմ, իսկ ցերեկը երեխաս էլ զբաղված կլինի մանկապարտեզում, հետո դպրոցում, տարբեր պարապմունքների գնալով»։

Ոլորտային փոփոխությանը Նազիկը դրական է տրամադրված։ Ասում է`յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդությունը, սակայն սպորտով զբաղվելիս այնպիսի գրաֆիկով է աշխատել, որ դժվարությունների միջով անցնելու փորձ ունի։

Նազիկը չի բացառում նաև պետական աշխատանքի անցնելը, սակայն այս առումով էլ առայժմ զգուշանում է փակագծերր բացել։ Ամռան այս շրջանում հանգստի մեկնել ծանրորդը չի պատրաստվում, քանի որ ամուսնու աշխատանքային զբաղվածությունն է մեծ։

«Հանգստի կմեկնեք, երբ ամուսինս արձակուրդ ունենա։ Իհարկե, լինում են օրեր, երբ փոքրիկի հետ գնում ենք քաղաքից դուրս, սակայն երկարատև հանգստի առանց ամուսնուս չեմ ուզում մեկնել։ Վստահ եմ` առանց իրեն հանգիստը լիարժեք չի լինի»,– եզրափակեց նա։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել