Ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը․ Լևոն Երանոսյան. «Հրապարակ»
Ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը․ Լևոն Երանոսյան
Hraparak.am-ը գրում է․ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հարցրինք՝ մասնակցելո՞ւ է վաղը հրավիրված ընդդիմության մեծ հանրահավաքին։
«Միանշանակ, իմ ազգի խնդիրն ա, ես ո՞նց կարամ չմասնակցեմ»,-ասաց նա։
-Միայն Դո՞ւք եք գալու, թե՞ Ձեր մարտական, ծառայակից ընկերներից էլ մարդիկ կլինեն Ձեզ հետ։
-Ովքեր հարգում են ինձ, իմ հետ են լինելու։
-Բայց կոչ արել կամ առաջարկե՞լ եք, որ գան։
-Ոչ, ոչ մեկին էլ ես չեմ առաջարկում, ովքեր հարգում են ինձ, ուրեմն վաղը կլինեն էնտեղ։
-Ի՞նչ եք կարծում, ոստիկանությունն այս անգամ իրեն ինչպե՞ս կդրսևորի, Դուք ասում էիք՝ այնտեղ արժանապատիվ մարդիկ կան, և եթե Դուք կոչ անեք՝ դեմ դուրս կգա՞ն այս իշխանություններին։
-Ես նման կոչերի չեմ գնա, բայց, համենայնդեպս, ոստիկանությանը կասեմ, որ իրենք իրենց չափերի մեջ լինեն, օրենքի շրջանակներում։
-Իսկ ի՞նչ եք կարծում, վաղվա հանրահավաքում կհաջողվի՞ ընդդիմությանը հասնել հաղթանակի, մենք տեսնում ենք, որ եղանակային պայմանները, օրինակ, այդքան էլ նպաստավոր չեն հանրահավաքի համար։
-Ի՞նչ կապ ունի եղանակը, ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը։ Իմ խոսքը դա է։ Ովքեր հարգում են իրենց երկիրը, իրենց պետությունը, իրենց պետականությունը, պիտի գան։