Ես ապրում եմ իմ հողի վրա, որը պաշտում եմ․ Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)
Ես ապրում եմ իմ հողի վրա, որը պաշտում եմ․ Շուշան Պետրոսյան
Այս մասին ՀՀ վաստակավոր արտիստուհի, ԱԺ նախկին ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյան ասել է «Երկիր մեդիա» ՀԸ Աննա Իսրայելյանի «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ։
«Երբ վարչապետը հայտարարում է, թե անհանդուրժողականությունը, բռնությունը, հայհոյանքը տեղ չպետք է ունենան մեր քաղաքական կյանքում՝ նա պետք է սկսի իրենից։
Նախ ես ոչ մի կերպ չէի հարամի մայիսի 8-ը, այլ կվայելեի տոնը, իսկ խնդրեցի դադարեցնել, որովհետեւ այս ցինիզմը պարզապես ի զորու չեմ լսել, որովհետեւ այդ ցինիզմի հիմքը դրվել է հենց այս պարոնի կողմից, մեր հեռախոսահամարները հրապարակավ հայտարարելով։ Դրա հետեւանքները ես մինչեւ օրս վայելում եմ։
Եվ ով է խոսում այս մասին․․․ Մարգարիտ Եսայանը՝ երեք երեխաների մայր, Արփինեն՝ դեռ չամուսնացած, ապագան առջեւում, Կարինեն Աճեմյան․․․ Սա ի՞նչ տեքստ է առհասարակ, ինչպես հանդգնեց, սա ցինիզմի գագաթնակետն է։ Սա երկրորդ անգամ էր, որ լսեցի, սովորաբար խուսափում եմ, 6,5 տարի աշխատել եմ նրա հետ նույն վայրում եւ գիտեմ ինչ է նա իրենից ներկայացնում»։
Ես մինչեւ հիմա արթնանում եմ այդ նողկալի լուտանքների, անեծքների, ծաղրի պայմաններում և հայտնի չէ, ով է կազմակերպում, ուղղորդում, ով է հրահանգում։ Իմ արձագանքից հետո հայտնվում է նոր մեմ, նոր ծաղր, հիմնականում երիտասարդներ, չծառայած, ծառ չտնկած․․․ Հիմնականում ֆեյքեր են, նաեւ աղջիկներ, որ չգիտեն բանակն ինչ է, հողն ինչ է․․․
Մի օր, երբ Մնացականյանը պետք է հանդիպեր Մամեդյարովի հետ, ուշ ժամի էր, Ֆեյսբուքում լռություն էր, ես շատ անհանգիստ էի եւ գրեցի՝ չեմ կարողանում քնել, անհանգիստ եմ։ Սկսվեց իմ ապրումների ծաղրի, մեմերի նոր արշավ։ Իսկ ես ապրում եմ անընդհատ անհանգստանալով Արցախիս, երկրիս համար։
Երբ իմ տան դիմաց այդ ակցիան սկսվեց, աջ և ձախ կողմից շենքերից երկու կին խոսեցին, մեկը, որ ապօրինի կերպով մի քանի հարկ էր ավելացրել, իսկ ես մեր երկու սենյականաոց տանը նստած՝ լսում էի այդ ամենը։ Մեր փողոցը թղթերով լցված էր՝ «դավաճան» և նման այլ գրառումներով։
Ինչ-որ լակոտներ, այլ կերպ չեմ կարող անվանել, բերել էին մեքենա, որպեսզի իրենց վեր բարձրացնի եւ իմ պատուհանից ներս մտնեն։ Ես այդ ժամանակ նիստի էի։ Երբ Փաշինյանը հայտարարեց 18։30-ի հանրահավաքի մասին, դրանք թողեցին գնացին իրենց հանրահավաքին, դռնից էին փորձել մտնել, մեր տանն աշխատող աղջիկը վախեցել էր, հարցրել էր՝ ինչ եք ուզում, ասել էին ջարդուխուրդ անենք։
Այո, պատահել է, որ քթի տակ հայհոյել է, բայց ծեծկռտուքի մասնակցել՝ երբեք։ Բայց նրա մականունը զենքի անուն է, կռվել է Ազգալդյանի ջոկատում։ Նրա կերպարը իրականում արհեստականորեն ստեղծվել է, որը նրա հետ կապ չունի։ Որեւէ վուլգար բան չեմ կարող արդարացնել, բայց նա գոնե կռված տղա է։ Ամագ ունի, իսկ իմ տղաների տարիքի երեխաներն ի՞նչ իրավունք ունեն պիտակավորել ինձ կամ որեւէ մեկին։
Իմ առջեւ փակեցին հեռուստաեթերը, արդեն երկու տարի, երկու հեռուստաալիք է մնացել, որտեղ կարող եմ երգել։ Կարծես չի եղել այդպիսի երգչուհի։ Բայց ես շարունակում եմ երգել․․․ այնտեղ, որտեղ գնահատված է իմ արվեստը։ Հայաստանը դա Ֆեյսբուքը չի։
Ես շարունակում եմ ապրել կենտրոնում, ոտքով գնալ իմ սիրած սրճարանը, հանդիպում եմ նույն կանաչի ու լիմոն վաճառող պապիկ-տատիկներին, եւ եթե իրենց ֆեյքերը հետեւեին ինձ փողոցում, կտեսնեին, որ ինձ մարդիկ շարունակում են գրկաբաց ընդունել։
Երկու տարի է անցել, հիասթափված մարդիկ նամակներ են գրում ինձ, բայց ես չեմ չարախնդում, որովհետեւ իմ երկիրն է հետընթաց ապրում։ Ես ապրում եմ իմ հողի վրա, որը պաշտում եմ»։