Մամուլ

«Եռաբլուր» ծաղիկներ տանող աղջիկը Էդուարդի սիրելին է. պատերազմն ընդհատեց երիտասարդների սիրո թելը

«Էդուարդ Ադամյանն այլ կերպ չէր էլ կարող լինել։ Անվախ էր, ինչպես հայրը՝ Համբարձում Ադամյանը»… Այս մասին գրում է MediaHub-ը։

Վերջինս արցախյան առաջին ազատամարտում ղեկավարել է հայրենի գյուղի՝ Կոճողոտի ինքնապաշտպանությունը, մասնակցել բոլոր ուղղություններում ընթացող թեժ մարտերին, դերակատարում ունեցել բանակաշինության գործընթացում, խաղաղ ժամանակահատվածում՝ թշնամու ցանկացած ոտնձգության ժամանակ, կամավորական սկզբունքով մեկնել առաջնագիծ։

Էդուարդը՝ մեծանալով հոր մոտ, տարիների ընթացքում կրկնօրինակել է նրան։ ՊԲ-ում հիմնական ծառայությունից հետո, պայմանագրային հիմունքներով շարունակել է ծառայել նախ պաշտպանության բանակում, ապա՝ Ազգային անվտանգության ծառայության ուժերում։

Մասնակցել է քառօրյա և 44-օրյա մարտերին, փրկվել հրաշքով, բայց հայ ժողովրդի համար ճակատագրական 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունները ընդհատեցին նաև 27-ամյա ենթասպայի կյանքը։ 

Նրա հորաքույրը MediaHub-ի հետ զրույցում ափսոսանքով նշեց, որ դժվար մանկություն է ունեցել Էդուարդը, նրա խնամքով հիմնականում զբաղվել է Սվետլանա տատիկը, իրենք էլ օգնել են, սեր ու ջերմություն տվել։ 

«Կյանքով լի տղա էր, սիրած աղջիկ ուներ։ Նրա մասին առանձնահատուկ սիրով էր խոսում, արդեն պատրաստվում էր նշանադրվել, անիծյալ պատերազմը ընդհատեց զույգի ճակատագիրը։ Էդոն գնաց եղբորս՝ Համոյի մոտ»,- ասաց Նունե Ադամյանը։

Համբարձումը, որ անցել էր մի քանի պատերազմների արհավիրքով, 2022-ին վթարի զոհ դարձավ։

Նա Էդուարդին այնպիսի դաստիարակություն է տվել, որ տղան էլ սիրի հայրենիքը, անհրաժեշտության դեպքում՝ կյանքը չխնայի նրա համար։ «Սիրահարված էր «Եղնիկների» բնությանը։ Երկար տարիներ ծառայել է այդտեղ, պահել Արցախի հյուսիսային սահմանը»,- պատմեց հորաքույրը։

Վերջինիս խոսքով՝ բարեկամասեր էր ու նվիրված ընկերներին։ Նրա մայրը և քույրերը բնակվում էին Հայաստանում, կապ պահում էր բոլորի հետ, հավասարապես հոգ տանում բոլորի մասին, հարգանքով վերաբերվում տատին, հոր երկրորդ կնոջն ու երեխային։ 

2023-ի սեպտեմբերի 18-ին Էդուարդը «Կաշենի» հանքավայրի հարակից դիրքերում էր։ Վերջին անգամ խոսել է հորաքրոջ որդու՝ Գևորգի հետ։ Ըստ մեր զրուցակցի՝ լարված իրավիճակից չի խոսել, իրեն հատուկ համեստ ձայնով հարցրել է բոլորից։ Գևորգն ասում է, որ սովորականից մի քիչ շատ է խոսել։ «Կարծես զգում էր, որ դա մեր վերջին խոսակցությունն է։ Հաջորդ օրվանից ոչ մեկից, ոչ մի կերպ չկարողացանք լուր իմանալ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։ 

Դիրքերից իջեցնում էին վիրավորներ, միաժամանակ տարհանում խաղաղ բնակչությանը։

«Հանքավայրի հարակից գյուղերի բնակիչները դուրս էին գալիս ով ինչպես կարող էր, իսկ ահա ներքին ենթաշրջանը, ներառյալ Մարտակերտ քաղաքը, շրջափակման մեջ էր, ադրբեջանցիներն անխնա կրակում էին ամեն տեղ։ Ես Էդոյի մասին էի մտածում։ Անգամ զինադադարից հետո հստակ որևէ մեկը տեղեկություն չէր տրամադրում. մեկն ասում էր վիրավոր է, մյուսը, թե զոհվել է, մեկն էլ ասում էր՝ չի տեսել։ Նման իրավիճակում փորձում ես քեզ համար լավ լուրն ընդունել ճշմարտություն, չհանձնվել ու շարունակել փնտրել»,- ասաց նա։ 

Սեպտեմբերի 24-ին փրկարարները դիրքերից դիեր են իջեցրել Մարտակերտ։ Շնորհիվ Միքայել Բաբայանի, դիրքային հատվածում հայտնաբերվել ու տարհանվել է նաև Էդոյի մարմինը և նույն օրը սառցարան-մեքենաներով տեղափոխվել Ստեփանակերտ։ 

«Երանի աչքերս տեսած չլինեին։ Նրանց մեջ բաց աչքերով երկինք նայող եղբայրս էր։ Անարդար էր այդ վիճակում նրան տեսնելը։ Միանգամից սկսեցի հիշել մեր զրույցները, որ խոսում էր երազանքների, ապագայի մասին, սիրելիի հետ նախանշած ծրագրերից ու հայրենիքից, որին բոլորից առավել էր սիրում»…

Էդուարդի մարմինը Հայաստան տեղափոխելու գործընթացը հեշտ չի եղել հարազատների համար։

Նա հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նրա շիրիմին ամեն օր միշտ թարմ ծաղիկներ տանող աղջիկը Բեատրիսն է, որի հետ կյանքը պիտի կապեր 27-ամյա երիտասարդը, և որի երազանքը հօդս ցնդեց սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժի մահացու հարվածից։

Կիսվել