Եթե Փաշինյանին Ամուլսարի հետ կապված սխալ են զեկուցում, թող զանգի ինձ, ես կզեկուցեմ, ինչպես պետք է. Սերգեյ Դանիելյան
Ամուլսարի հանքի շահագործման հարցը վերջին շրջանում ամենաքննարկվողն է: «Էլարդ»-ի եզրակացությունը, որի համար պետությունը 400 հազար դոլար է տվել, տարակարծությունների առիթ է տվել:
Քննչական կոմիտեի մեկնաբանությամբ՝ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա:
Այնինչ բնապահպանները, երկրաբանները շարունակում են պնդել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով Սեւանա լիճն ու Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կվտանգվեն:
Նրանք պնդում են, որ հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան» ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը թերի է եղել:
Օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում Ամուլսարի խնդրով համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Էլարդի» եզրակացության շուրջ կան պարզաբանման ենթակա հարցեր։
Բնապահպանական թեմայի շուրջ այս օրերին իրենց տեսակետն են հայտնում նաեւ մշակույթի գործիչները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկները որքանո՞վ էին Ձեզ համար համոզիչ:
-Դրանք միանշանակ չբավարարեցին ինձ: Շարունակում եմ պնդել, որ Ամուլսարը պետք է մնա սար, չպետք է հանք դառնա եւ վերջ:
-Ոմանք այն կարծիքին են, որ վարչապետին ինչպես հարկն է, չեն զեկուցում խնդրի մասին:
-Դա նման է խորհրդային տարիներին տարածված այն մտայնությանը, թե, իբր, Ստալինը չգիտեր, որ ժողովրդին կոտորում են…Զեկուցելը ո՞րն է:
Նա ամեն ինչ գիտի: Եթե Փաշինյանին սխալ են զեկուցում, թող զանգի ինձ, ես կզեկուցեմ, ինչպես պետք է: Հիմա վարչապետը շատ բարդ իրավիճակում է հայտնվել:
Ըստ երեւույթին, նրա շրջապատում կան շահառուներ, մարդիկ, որոնց համար ձեռնտու է հանքի շահագործումը: Չեմ բացառում կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը:
Փաշինյանը գորշ կարդինալների այնպիսի շրջապատ ունի, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Ըստ երեւույթին, կա մի բան, որի մասին մեզ չեն ասում: Բայց ինչ անում են, թող մեր երեխաների առողջության հաշվին չանեն: Թող հանգիստ թողնեն սարերն է՛լ, երկիրն է՛լ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում