Մամուլ

Եթե վարակակիրների թիվն ավելացավ, որը կարող է լինել ցանկացած պահի, առողջապահության ոլորտում ցնցում է լինելու. Վահե Տեր-Մինասյան

Եթե վարակակիրների թիվն ավելացավ, որը կարող է լինել ցանկացած պահի, առողջապահության ոլորտում ցնցում է լինելու. Վահե Տեր-Մինասյան

Tert.am-ը գրում է․ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի խոսքով` կորոնավիրուսի տարածումը Հայաստանում միանգամից կանգնեցնել հնարավոր չէ, տարածումն ինք իրենով շարունակվելու է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառալով Հայաստանում համավարակի տարածմանն ուղղված ՀՀ իշխանությունների ընտրած մարտավարությանը:

«Խնդիրն այն է, որ ընտրված ողջ սկզբունքը կայանում է նրանում, որ բոլորը միանգամից չհիվանդանան: Կարծում եմ` մեզնից շատ-շատերը հիվանդանալու են, բայց եթե մենք՝ բոլորս հիվանդանանք, դիցուք, մեկ ամսվա ընթացքում, ապա դա կբերի առողջապաական համակարգի կոլապսի. չեն բավարարի այդքան մահճակալ, այդքան բժիշկ, բուժքույր:

Ցավոք սրտի, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ չկարողանանք օգնության կարիք ունեցող պացիենտներին օգնություն ցույց տալ»,-ասաց նա:

Նա նկատեց, որ` եթե մենք նույն հիվանդների քանակը բաժանում ենք շատ ավելի երկար ժամկետի մեջ, ապա տեսնում ենք, որ նորից կան հիվանդներ, բայց նրանց բոլորին կարողանում եք անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ:

«Անհրաժեշտ բուժօգնությունը ցուց տալուց հետո դու նորից կարող ես մահվան դեպքեր ունենալ, բայց այնուամենայնիվ, գիտես, որ բոլոր հնարավորություններդ օգտագործեցիր, և ում հնարավոր էր փրկել, փրկել ես»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք ճիշտ ժամանակին կանխարգելիչ մեխանզմներ մշակեցինք, սկզբնական փուլում նախարարն ասում էր, որ պետք չէ վախենալ, հիմա է, որ հնչում են խիստ հորդորներ, Վահե Տեր-Մինասյանը նշեց. «Եկեք համեմատենք. ամբողջ պատմությունը մեզ մոտ սկսվել է մարտից: Մինչ հիմա ունենք 13 մահվան դեպք:

կորոնավիրուս բուժում

Միայն սիրտանոթային հիվանդություններից 2018թ. մահացել է 14 200-ից ավելի պացիենտ, այսինքն՝ ամսական` 1000 մարդուց ավելի: Եվ հիմա ասելը, որ Հայաստանն ուշացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցում, լուրջ չէ»:

Անդրադառնալով երկրում հաստատված արտակարգ դրության արդյունավետությանը և պատասխանելով դիտարկմանը, որ այս իրավիճակում, մարդիկ շարունակում են չհետևել սահմանափակումներին և խիստ վերահսկողություն չկա՝ բժիշկը նշեց.

«Իհարկե, պետք է կարողանալ բալանս պահել, որ երկիրը չբերվի խայտառակ վիճակի, որ խանութներում դատարկություն լինի, սով լինի, և միաժամանակ, այնպես չլինի, որ սահմանափակումները քչացնենք, հիվանդների քանակը շատացնենք: Բարդ է ոսկե միջինը գտնելը»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ այստեղ պետության մեղավորությունն ավելի քիչ է: «Պետությունն ի՞նչ անի, երբ մարդիկ իրար գրկում, համբուրում են փողոցում»,- ասաց նա:

Պատասխանելով մեկ այլ դիտարկմանը, թե շատ երկրներում արտակարգ դրության հաստատվելուց հետո պետությունը խիստ վերահսկողություն է իրականացնում, եթե մեզանում այդպես չէ, ապա ինչ խնդիր է լուծում արտակարգ դրությունը, նա նշեց. «Ես էլ եմ այն կարծիքին, որ արտակարգ դրությունը պետք է լինի բոլորի համար:

Պետք չէ հույսը դնել նրա վրա, որ իմ բախտը կբերի, ես չեմ վարակվի: Երբ որ ամեն մեկը հասկանա, որ իրենով է հարցը որոշվում, իրավիճակը կփոխվի: Պետությունն ի՞նչ անի, բանտ նետի՞ բոլորին, տուգանի՞ բոլորին: Հնարավոր ամեն գնով բացատրվում է, որ չանեն»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել