Մամուլ

Եթե մի օր հետ չգամ, որևէ մեկին չմեղադրեք

Եթե մի օր հետ չգամ, որևէ մեկին չմեղադրեք

Hraparak.am-ը գրում է․ Պատերազմը նոր էր սկսվել, երբ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց՝ նորածին երեխային թողել ու կռիվ է մեկնել նաեւ երիտասարդ մի մայրիկ: Մենք գտանք մայրիկին՝ մենապայքարային սպորտի բազմակի հաղթող, մարզիչ-մանկավարժ Աշխեն Սիմոնյան:

Բարձրահասակ, գեղեցիկ, սլացիկ կազմվածքով հայուհին, պարզվեց, նաեւ զինվորական մասնագիտություն ունի, բայց այդ մասին գերադասում է չխոսել: Միայն ասաց, որ վտանգներից չի վախենում. այնտեղ է, որտեղ իր կարիքը կա: 

Աշխենը մենապայքարային մարզաձեւերով զբաղվել է 8 տարեկանից, իսկ հասունանալով հասկացել, որ սպորտն ինքնանպատակ ընտրություն չէր: Լավ մարզավիճակն իրեն պետք էր զինվորական գործի մեջ, որն ընտրեց ավելի ուշ:

«Միշտ մտածել եմ՝ հարեւանների հարցում մեր երկրի բախտը չի բերել. ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել: Այդ դեպքում ինչո՞ւ պատրաստ չլինել, ի՞նչ կարեւոր է՝ կին ես, թե տղամարդ: Դա էր պատճառը, որ զինվորական դարձա: Հայրենիքիս ծառայելը մեծ պատիվ է ինձ համար»,- ասում է Աշխենը:

Ծնողները դեմ են եղել զինվորականի մասնագիտության ընտրությանը: Աշխենը համառել է, դա իմ կոչումն է՝ ասել է:  «Հայրս խենթանում էր, մայրս մի փոքր ավելի հեշտ էր նայում այդ փաստին: Հենց մտա ծառայության, ասացի՝ եթե մի օր հետ չգամ, որեւէ մեկին չմեղադրեք. դա իմ ընտրած ուղին է, եւ դա անում եմ հանուն հայրենիքի: Ես միշտ եմ մտածել՝ այս ընտրությամբ մի օր հնարավոր է չլինեմ»:

կին զինծառայողներ

Առաջին անգամ մայրացած կինը մարտի դաշտում հասկացել է, որ այդ զգացմունքները ոչինչ են ավելի վեհ՝ հայրենափրկության գաղափարի համեմատ: Դուստրը հոգատար ձեռքերում է, կմեծանա՝ մտածել է, իսկ հայրենիքն իր կարիքն ունի:

Ասում է՝ հայրենիքի նկատմամբ սերն աննկարագրելի չափերի է հասնում, երբ զգում ես, թե ոնց է հողը տնքում ցավից: «Երբ երկիրդ վտանգի մեջ է, բոլոր զգացմունքներդ տեղի են տալիս: Նույնիսկ երեխայիդ նկատմամբ սերը…»:

Աշխենը թշնամու թիկունքում գործողություններ է կատարել նույնիսկ հղի ժամանակ: Այդ մասին իմացել է միայն հոգեբանը, իսկ հրամանատարին ու զինակիցներին հղիության մասին չի ասել, որ գործողություններից հետ չպահեն: «Մտածում էի՝ եթե երեխան ծնվի, ուրեմն ծնվելու է պատրաստված. դեռ չծնված՝ պետք է զգա հողի ուժը, հասկանա՝ ինչ է հայրենիքը… Կարծես չեմ սխալվել. արդեն մեկ տարեկան է՝ բնավորություն է ցույց տալիս, նույնիսկ ոչ մի անգամ չի հիվանդացել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել