Եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները, Բաքուն իրեն իրավունք է վերապահում «համարժեք պատասխան» տալ. Ալիև
Եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները, Բաքուն իրեն իրավունք է վերապահում «համարժեք պատասխան» տալ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը չկատարի 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, Բաքուն իրեն իրավունք է վերապահում «համարժեք պատասխան» տալ:
«Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին ընդունվել է եռակողմ հռչակագիր: Ադրբեջանը հռչակագրի բոլոր կետերն իրականացնում է, այդ թվում ապահովում է Հայաստանից Ղարաբաղ անարգել հասանելիություն: Հայաստանը հռչակագրի իր մասը չի իրականացնում:
Մասնավորապես, չի տրամադրում անարգել հասանելիություն Ադրբեջանի հիմնական հատվածից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից, ինչը իրավական պարտավորություն է, ինչպես նաև մինչ այժմ դուրս չի բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»,- ասել է Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում:
Նա նշել է, որ Ադրբեջանն առայժմ համբերություն է ցուցաբերում, բայց այն անսահման չէ: «Եթե 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չիրականացվեն, մեզ այլ ընտրություն չի մնա, քան համապատասխան կերպով գործել»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղին: «Մեր դիրքորոշումը պարզ ու հստակ է:
Ղարաբաղն Ադրբեջան է: Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն համապատասխան Ադրբեջանի Սահմանադրության: Մենք որևէ կողմի հետ չենք պատրաստվում քննարկել մեր ներքին հարցերը:
Եվ որքանով ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքում, այդ հարցը քառակողմ հանդիպման որևէ անդամի մոտ տարընթերցում չի առաջացնում»,- ասել է Ալիևը: