Եթե ծաղիկը դնեք բարձի տակ և մտաբերեք ձեզ հուզող հարցը, ապա երազում պարտադիր կստանաք դրա պատասխանը․ քնախոտ
Եթե ծաղիկը դնեք բարձի տակ և մտաբերեք ձեզ հուզող հարցը, ապա երազում պարտադիր կստանաք դրա պատասխանը․ քնախոտ
Մի հետաքրքիր հավատալիք կա քնախոտի հետ կապված` եթե ծաղիկը դնեք բարձի տակ և մտաբերեք ձեզ հուզող հարցը, ապա երազում պարտադիր կստանաք դրա պատասխանը։ Չնայած, որոշ դեպքերում բույսն ունենում է նաև քնաբեր ազդեցություն։
Գորտնուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, գիտական անվանումն է` Pul-satilla։
Տեսակները բազմաթիվ են։
Քնախոտ գարնանայինը (P. vernalis) տարածված է Եվրոպայի սոճու անտառներում, ծաղիկները բաց մանուշակագույն, վարդագույն կամ բաց կապույտ են` զանգակաձև, ներսից` ավելի բաց գույնի։
Քնախոտ բացվածը (P. patens) հանդիպում է Եվրասիայի, Արևմտյան Սիբիրի բնական պայմաններում` սոճու, կաղնու և կեչու խառն անտառներում, ցախիի, հապալասի մեջ թփուտներում, գետերի քարքարոտ ափերին։ Ծաղիկները սկզբից զանգականման են, հետո փռված մանուշակագույն կամ դեղին, տարբերվում է նրանով, որ սրտաձև տերևները բացվում են ծաղկելուց հետո։
Ալթայում, Մոնղոլիայում աճում է Քնախոտ բունգեի տեսակը (Anemone bungeana)։
Կենտրոնական Եվրոպայի տաք շրջաններում, բլուրների արևահայաց լանջերին աճում է Քնախոտ խոշորը, որն աչքի է ընկնում համեմատաբար մեծ ծաղիկներով և պտուղներով։
Բարձր լեռնայինից մինչև ալպյան գոտիները
ՀՀ-ում հանդիպում են քնախոտ սևագույնը, հայկականը և աղվանականը (P. nigricans, P. armena, P. abbana)։
Ք. սևագույնի ծաղիկները մուգ-մանուշակագույն են, տարածված է Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի չոր, արևոտ շրջաններում։
Ք. հայկականը հանդիպում է նաև Թուրքիայի Արևելյան և Կենտրոնական մարզերում, ծաղիկները մանուշակածիրանագույն երանգի են։ Ք. աղվանականը հանդիպում է նաև Դաղստանում, Իրանի Հյուսիս-Արևմուտքում ծաղիկները բաց դեղին են։
Մեզ բախտ է վիճակվել տեսնել այս ծաղիկը Արա լեռան մի մարգագետնի քարքարոտ եզրին` Julia վարդակակաչի և դեղին տերեփուկի հարևանությամբ։
Քնախոտ հայկականի բարձրությունը 5-10 սմ է, պտղաբերության շրջանում` մինչև 20 սմ։ Արմատը հզոր է, մուգ շագանակագույն, խորացող, կարճ կոճղարմատից գրեթե միաժամանակ աճում են խիտ մազմզուկներով պատված մերձարմատային տերևները և ծաղկակիր ցողունները։
Դա տեղի է ունենում վաղ գարնանը, բույսը զարկում-հաղթահարում է բոլոր արգելքները և բացում իր «աչերը»` զարկաչ, այսպես է անվանել բույսը ժողովուրդը։
Տերևը երկարակոթուն է, բարդ, ձվաձև ուրվագծով, բաղկացած է բազմաթիվ եռաբաժան տերևիկներից, որոնք նեղ երկարավուն են, բութ կամ սրված գագաթներով։
Ծաղիկի բողբոջը պատված է պարուրող տերևիկներով, դրանց երկարությունը 2-2,5 սմ է, նույնպես կտրատված են և մազիկներով պատված։ Միայնակ ծաղիկները բավականին խոշոր են, սկզբում` զանգակաձև թեքված, հետո` ուղղաձիգ, ծաղկապատյանին կից (6 հատ) տերևները (2-3,5 սմ երկարությամբ) երկարավուն են, սուր գագաթով, խիտ խավապատ, փափուկ։
Առէջքների երկարությունը 0,7-2,8 սմ է, ծաղկում է մայիսին, հնարավոր է նաև երկրորդական ծաղկում աշնան սկզբին։ Պտուղն առաջին հայացքից նման է խատուտիկին, տարածվում է քամու միջոցով, քիստը մազապատ է, մոտ 2,5 սմ երկարությամբ, սուր ծայրով խրվելով հողի մեջ` արմատակալում է։
Քնախոտը հանդիպում է Սյունիք, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն մարզերի անտառների վերին եզրից` մինչև ալպյան գոտու բաց արևոտ վայրերում, նախընտրում է մանրաքար ծածկույթով հողատեսքերը։
Բուժիչ հատկություններ ունեն ՀՀ-ում աճող զարկաչի սևագույն և հայկական տեսակները, որպես բուժիչ հումք օգտագործվում են ծաղիկները, տերևը, ցողունը, արմատները։
Պարունակում է գլյուկոզիդ ռանինկուլին, ալկալոիդ անեմոնին, սապոնին, դաբաղանյութ, կումարինի հետքեր։
Մոնղոլական ժողովրդական բուժարարները խորհուրդ են տալիս ծաղիկի թուրմը` ընդհանուր թուլության, ֆիզիկական հոգնածության դեպքում` որպես ուժերը վերականգնող միջոց։
Բուժում են վերքերը, մարսողության խանգարման հետևանքով առաջացած ինֆեկցիան, օգտագործում` որպես հակաթույն օձերի խայթոցի դեմ։
Ծաղիկները չեն մթերում։ Միակ երկիրը, որտեղ բույսը պաշտոնապես ճանաչված է որպես դեղամիջոց` դա Չինաստանն է, այստեղ կատարվում են դեղաբանական ուսումնասիրություններ, զարկաչը լայնորեն կիրառվում է գինեկոլոգիայում, հայտնաբերվել է, որ այն ունի հակաուռուցքային հատկություն։
Խոտի թուրմն ունի հակասնկային ազդեցություն, այն պետք է օգտագործեք լոգանքի կամ թրջոցի տեսքով։
Ժողովրդական բժիշկները խոտի թուրմով բուժում են նյարդային համակարգի հիվանդությունները, հազը, բրոնխիտը, թոքախտը, բրոնխների ասթման, սրտային անբավարարությունը և հևոցը։
Թուրմ` ներքին օգտագործման համար. 1 թ/գ չոր մանրացրած խոտը 12 ժամ թրմեք սառը զտված ջրում, ընթացքում մի քանի անգամ խառնեք։ Քամեք, հումքը մզեք թանզիֆով։ Խմեք 50-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ (կամ հետո)։ Շարունակեք 28 օր, ընդմիջեք 2 շաբաթ, կրկնեք` ըստ անհրաժեշտության։ Պահեք մութ, հով տեղում` 1 օրից ոչ ավելի։
Արտաքին օգտագործման համար. Թրմեք վերոգրյալ ձևով 1 ճ/գ չոր խոտը, դրեք թրջոցներ, լվացեք վերքերը։
Քոս. Թարմ խոտն աղացեք, խառնեք գոլացրած թթվասերին (1։3), 3 օր թրմեք տաք տեղում, քսեք մարմնին։
Չիբան. Փոշիացրած խոտը խառնեք մեղրի հետ (1։1)։
Վարիկոզ. 4ճ/գ չոր մանրացրած խոտը 12 ժամ թրմեք 600 մլ սառը զտված ջրում։ Քառատակ ծալած թանզիֆը թրջեք թուրմի մեջ, թեթևակի մզեք, փաթաթեք ոտքին, ամրացրեք սավանով (ոչ ձիգ)։ Պահեք 2-3 ժամ։
Մաշկային ցան. Վերոգրյալ թուրմն ավելացրեք լոգանքի ջրին։ Ջերմաստիճանը` 37-38C, տևողությունը` 10-15 րոպե։
Ոգեթուրմ. Գարնանը կամ ուշ աշնանը հավաքեք բույսի արմատը։
- 10 գ թարմ հումքը 2 շաբաթ թրմեք մութ տեղում 100 մլ օղու մեջ։ Քամեք, մզեք հումքը։ Զտեք քառատակ ծալած թանզիֆով։ Առաջին օրը խմեք 1 կաթիլ` սնվելուց 1 ժամ առաջ, ջրի հետ։ Ավելացնելով օրը 1-ական կաթիլ` հասցրեք 20-ի, հետո նույնկերպ իջեցրեք (ընդամենը 39 օր)։
- Չոր խոտը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք օղի` այնքան, որ ծածկի հումքը (1սմ բարձր)։ Թրմեք, քամեք և օգտագործեք վերոգրյալ ձևով։
Զարկաչը կարծես հատուկ ստեղծված լինի կանանց համար, այն օգտագործվում է հոմեոպատիայում, դեղորայքը կոչվում է «Պուլսատիլլա», արտադրվում է հեղուկի կամ հաբերի տեսքով։
Ինչպես և ոգեթուրմը, օգտակար է զգայուն, կարեկցանքի կարիք ունեցող կանանց։ Կիրառվում է միզարձակման խանգարման, թութքի, երակի լայնացման, կարճատեսության, ստամոքսի խանգարման, դիսբակտերիոզի, մետեորիզմի, բարձր քրտնարտադրության, հաճախ կրկնվող գլխացավի, դաշտանային պարբերության խանգարման դեպքում։
Թարմ վիճակում զարկաչի խոտը (հյութը) առաջացնում է մաշկի վրա կարմրություն, ցան, վերքեր։ Չորանալուց հետո թունավոր նյութերի պարունակությունը զգալիորեն նվազում է։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Խստորեն հակացուցված է խախտել պատրաստման կամ ընդունման չափաբաժինները։ Քնախոտի թարմ հումքի հետ աշխատելիս` հագեք ձեռնոց։
Արգելված է ներքին օգտագործումը աղեստամոքսային համակարգի, երիկամների, լյարդի բորբոքային հիվանդությունների դեպքում։