«Եթե դրախտն եք փնտրում, պետք է Հայաստան այցելեք». իսպանական պարբերականի հոդվածը Հայաստանի մասին
Եթե դրախտն եք փնտրում, պետք է Հայաստան այցելեք։ Իսպանական Etheria Magazine պարբերականի կայքում «Հայաստան. 10 վայր եդեմական այգում» վերնագրով հոդված է հրապարակվել, որում պատմվում է Հայաստանում հանգստի և դիտարժան վայրերի մասին:
Լուսանկարիչ-ճանապարհորդներ Խուան Կառլոս Մունյեսի և Մար Ռամիրեսի հեղինակած հոդվածում ներկայացվում են Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը, բնական արգելոցներն ու պատմամշակութային հուշարձանները:
«Եթե դրախտն եք փնտրում, պետք է Հայաստան այցելեք: Ճանապարհները ձեզ կտանեն դեպի Եվրոպայի և Ասիայի միջև երևակայական սահմանը, որտեղ, ասում են, գոյություն է ունեցել եդեմական այգին: Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը»,- ասվում է հոդվածում:
Հայաստանի տեսարժան վայրերի թոփ տասնյակում են ընդգրկվել Զվարթնոցի տաճարի ավերակները, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի և Խոր Վիրապի վանքերը, Սաղմոսավանքը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Սևանա լիճը՝ Սևանավանքով, Հանրապետության հրապարակը, Կասկադ համալիրը, Մատենադարանը և այլն, ընդ որում՝ յուրաքանչյուր տեսարժան վայրի մասին ընթերցողներին հակիրճ տեղեկություններ են ներկայացվում: