Մամուլ

Եզդի ակտիվիստ Միրզա Դինային «Ավրորա» մրցանակի դափնեկիր (Տեսանյութ)

Եզդի ակտիվիստ Միրզա Դինային «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել են «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։

Իր ելույթում վարչապետը կարևորել է «Ավրորա» նախաձեռնությունը և նշել.

««Ավրորա» նախաձեռնության հիմնա­դիրներ պարոնայք Վարդան Գրեգորյան, Նուբար Աֆեյան,  Ռուբեն Վարդանյան,

«Ավրորա» նախաձեռնության նախա­գահ դոկտոր Թոմ Քաթինա,

Ընտրող հանձնաժողովի հարգելի անդամներ,

«Ավրորա» Ֆորումի բարի կամքի դեսպաններ,  

Հարգելի հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից դիմել ջեզ և ողջունել «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բոլոր մասնակիցներին:

«Ավրորա» նախաձեռնությունը մեծ ու կարևոր աշխատանք է կատարում, և ես ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել Երևանի Ազատության հրապարակում և մեր հյուրերին ասել ՝ բարի գալուստ Հայաստան:

Նաև ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Հայաստանում «Ավրորա» Ֆորումի շաբաթ անցկացնելու կապակ­ցու­թյամբ և ողջունել այդ հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին։

Քաջատեղյակ եմ, որ Ֆորումի շրջանակներում Հայաստա­նում անցկացվել են և մի քանի օր դեռևս անցկացվելու են բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ, որոնք վերաբերում են արհեստական բանականությունից մինչև մշակութային ժառանգության պահպան­ման, կրթության զարգացման ու մարդասիրական գործողություններին առնչվող զանազան հարցերի:

Մենք երախտապարտ ենք «Ավրորային» այդ քննարկումներն անցկաց­նելու և այդ միջոցով Հայաստանի մտա­վոր ու մշակութային կյանքը հարստաց­նելու, ապագայի մեր տեսլականի ձևավորմանը նպաստելու համար:

Հարգելի բարեկամներ,

«Ավրորա» նախաձեռնությունն այլևս կայուն տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ Հպարտությամբ նաև կարող ենք ասել, որ «Ավրորա»-ն այսօր համաշխարհային լայն ճանաչում է ստացել և լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։

Ստեղծվելով որպես Հայոց ցեղա­սպանության անմեղ զոհերի հիշատակն անմահացնելու միջոց՝ «Ավրորա» մրցա­նակա­­­­բաշխությունը փառաբանում է մարդա­­սիրությունը, քաջալերում խաղա­ղու­թյունը և մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը։

«Ավրորա»-ն դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունք­ների և հումանիզմի գաղափարների տարածման ու ամրապնդման համար աշխարհում: Այն, եթե թույլ տաք ասել, դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը»։

Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմ­ներն ամենուրեք են՝ երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում: Եվ «Ավրորայի» մրցանակաբաշխությունն այն գործիք­ներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգություն­ների կանխարգելման և խաղաղության հաստատման համար:

«Ավրորա»-ն սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների պաշտպանության, հանուն խաղաղության։

Եվ սա յուրօրինակ մի արտահայտումն է Աստվածաշնչյան ասվածքի՝ երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պետք է կոչվեն:

Ինձ համար պատիվ է ողջունել և շնորհավորել «Ավրորայի» մրցանակի երեք մարդասերներին՝ 2019 թվականի «Ավրորայի» հերոսներին, որոնց կատարած բացառիկ աշխատանքը և իրականաց­րած առաքելությունը մենք հավաքվել ենք այստեղ մեծարելու։

Շնորհավորում եմ և իմ երախտա­գիտությունն եմ հայտնում փաստաբան, ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Հուդա ալ-Սարարիին:

Եմենցի այս խիզախ կինը, վտանգելով իր կյանքը, բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտերի ցանց, ուր անազատության մեջ էին պահվում հազարավոր մարդիկ։

Շնորհավորում եմ և իմ երախտա­գիտությունն եմ հայտնում «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի (Future Prowess Islamic Foundation) հիմնադիր տնօրեն Զանա Բուկար Մուստաֆային, ով իր անձնուրաց գործունեությամբ կրթության հնարավորություն է ընձեռում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց:

Նա, անտեսելով բոլոր վտանգները, հերոսաբար կարողացել է փրկել իսլամ ծայրահեղականների մոտ գերության մեջ գտնվող ավելի քան հարյուր երեխայի կյանք։

Եվ վերջապես շնորհավորում և իմ երախտագիտությունն եմ հայտնում այսօրվա գլխավոր հերոս, «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր՝ պարոն Միրզա Դինայինին:

Լինելով «Օդային կամուրջ» կազմա­կեր­պության համահիմնադիր և տնօրեն՝ նա օգնել է Իրաքից Գերմանիա տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարո­սու­թյուններից տուժած եզդիներին և ցուցաբերել նրանց բժշկական օգնություն:

Միրզա Դինայինն օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող ազգությամբ եզդի մարդկանց:

Պարոն Դինայինի, մենք երախտապարտ ենք ձեզ: Այն ինչ դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ, Հայոց ցեղասպանության տարիներին, արևմտյան միսիոներների և առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել:

Հայաստանի եզդի համայնքի անունից ևս մեր երախտա­գիտությունն եմ հայտնում Ձեզ:

Դժբախտաբար, Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդներ վերջին տարիներին անցնում են մեծ դժվարությունների միջով՝ հաճախ հայտնվելով ողբերգական իրադարձությունների հորձանուտում: Ցավոք, մինչ այսօր խաղաղությունն ու կայունությունը վերջնական չեն հաղթա­նակել այդ տարածաշրջանում:

Սակայն Ձեր և Ձեզ նման անձնուրաց մարդկանց գործունեությունը լավա­տեսության և տարածաշրջանում կայուն ապագայի հույս է ներշնչում: Մաղթում եմ Ձեզ ուժ և եռանդ՝ Ձեր կարևոր մարդա­սիրական առաքելու­թյունը շարու­նակելու համար:

Սիրելի բարեկամներ,

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին շնորհակալություն հայտնել այսօրվա միջոցառման և «Ավրորա» մրցանակաբաշխության բոլոր կազմա­կերպիչներին։ Բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս գաղափարի ու նախաձեռնության հետևում։

Մաղթում եմ ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ։ Եվ շնորհակալություն ուշադրության համար»:

Կիսվել