Մամուլ

Դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում, որ տարածաշրջանի երկրների անունից հանդես գաս․ «Հրապարակ»

Դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում, որ տարածաշրջանի երկրների անունից հանդես գաս

Hraparak.am-ը գրում է․ ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ Բարթըն քաղաքում ածխահանքի պայթյունի միջադեպի պատճառով զոհված քաղաքացիների մահվան առթիվ։

Նա ասել էր․ «Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»։ Իր թվիթերյան օգտահաշվով ցավակցական ուղերձ էր հղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, նախկինում ԼՀԿ խմբակցության անդամ Աննա Կոստանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իր համար պարզ է՝ սա հերթական քծնանքի դրսևորումն է։

Մեր դիտարկմանը, թե՝ չենք հիշում, որ նման ցավակցական խոսք պրն Թորոսյանը ուղղեր, օրինակ, սեպտեմբերի եռօրյա պատերազմի ժամանակ տանջամահ արված հայ կին զինծառայողների հարազատներին, նախկին պատգամավորը նշեց, որ երբեք չէր սպասի, որ այս «սուբյեկտները» հայ զինծառայող կանաց վերաբերյալ նմանատիպ գրառում անեին։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այս երկու պաշտոնատար անձանց կողմից Թուրքիային քծնելու փորձին, դա ցույց է տալիս, որ իրենք ուզում են դիվանագիտական հարաբերությունների՝ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների զարգացման համատեքստում բարի կամքի դրսևորում ցուցաբերել ընդամենը։

Սա, իմ կարծիքով, Թուրքիայի կողմից ընկալվելու է որպես հենց այդպես՝ անհաջող քծնանքի փորձ՝ ուրիշ ոչինչ։ Եվ հայ հասարակության կողմից էլ միանշանակ չպիտի ընդունվի, ընկալվի, ինձ թվում է արդեն պարզ իրողություններից ելնելով։

Եթե նույն Թուրքիան  որևէ արձագանք չտվեց իր պրոքսի պետության՝ Ադրբեջանի զինվորականների կողմից ՀՀ զինված ուժերի զինվորականներին խոշտանգելու կապակցությամբ»,- ասաց Կոստանյանը։

Նախկին պատգամավորն անդրադառնալով տարածաշրջանի ժողովուրդների անունից Թորոսյանի հանդես գալուն, ասաց․ «Ուղղակի չեմ պատկերացնում ինչով է մտածել պրն Թորոսյանը՝ նման կերպ ձևակերպելով։ Ենթադրում եմ, որ իր թվիթերյան էջում նույնիսկ տեքստը ոչ իր ձեռքով միգուցե գնացած լինի, որովհետև առնվազն խելամիտ չէ հանդես գալ այլ երկրների, տարածաշրջանի երկրների անունից, երբ չգիտես նրանց արձագանքը։

Կամ լավ, դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում, որ ընդհանուր տարածաշրջանի, մյուս երկրների անունից ևս հանդես գաս։ Ոչ այս երկրի վարչապետն ես, ոչ էլ երկրորդ դեմքը, նույնիսկ ոչ էլ երրորդ դեմքը»,-ասաց Կոստանյանը։ 

Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանն ասաց, որ ցավակցություն հայտնելու գաղափարին վերաբերվում է շատ նորմալ և որ հրեշի հետ պայքարի ամենակարևոր հանգամանքն է այն, որ մենք ինքներս չդառնանք հրեշ, թե չէ՝ ինչի համար ենք կամ ինչի դեմ ենք մենք պայքարում և կռվում։

«Ինձ տարօրինակ է թվում ընդհանրապես նման հարցադրումը։ Մարդկանց մահվան կապակցությամբ, նորմալ մարդկանց մոտ ընդունված է ցավակցել։ Եթե մեր հանդեպ անմարդկային վերաբերմունք է՝ դա չի նշանակում, որ մենք պետք է տմարդ կամ հրեշային բաներ թույլ տանք մեզ՝ բոլորովին ոչ, այնպես որ Ձեր հարցը ինձ թվում է տարօրինակ»,- հայտարարեց Խզմալյանը։

Մեր հիշեցմանը, որ նույն Թուրքիայի իշխանություններն, օրինակ, չդատապարտեցին սեպտեմբերյան եռօրյա պատերազմի ժամանակ  կին հայ զինծառայողների հրեշավոր սպանությունները, Տիգրան Խզմալյանն ասաց, որ մենք կարող ենք հարցը քննարկել մեզ հարմար կոնտեքստում․

«Ես իմ կարծում եմ, որ եթե ինչ-որ մի մարդակեր մասնատում է որևէ մարդու՝ դա չի նշանակում, որ վրեժը պետք է լինի հենց նրան կամ նրա երեխաներին մասնատելու մեջ։ Կրկնում եմ, ամենակարևորն ինձ համար այստեղ այն է, որ մենք մնանք այն, ինչ մենք ենք, ինչ մենք պետք է լինենք և ինչի համար մենք պայքարում ենք։

Մենք պայքարում ենք քաղաքակրթության համար՝ հանուն դրա և այս առումով քաղաքակրթական, քաղաքակիրթ և քաղաքավարի վերաբերմունքը իմ կարծիքով քննարկման առարկա չէ ընդհանրապես»,- եզրափակեց Խզմալյանը։

Կիսվել