Դուք չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք․ տարիների բանտարկության մատնելով ինձ՝ կոփել եք․ Արման Բաբաջանյան
Դուք չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք․ տարիների բանտարկության մատնելով ինձ՝ կոփել եք․․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա գրել է․
«Երկրի թիվ մեկ ամբաստանյալին պատկանող հեռուստաալիքը շարունակում է անդրադառնալ ինձ։ Տարատեսակ ազգային անվանումներով փաթեթավորված գաստրոլյորների ֆեյսբուքյան գրառումները, համացանցային զառանցանքը, իսկ հիմա էլ հեռուստատեսային անդրադարձերը մի նպատակ ունեն՝ վախեցնել, լռեցնել, կանգնեցնել․․․
Դուք ուղղակի չեք պատկերացնում, չգիտեք՝ ում հետ գործ ունեք։ Չեք կարող երևակայել, թե ձեր իսկ ձեռամբ տարիների բանտարկության մատնելով ինձ ինչպես եք կոփել․․․ Իմ տան շրջակայքում դարանակալելն ու առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով գիշերային հերթապահությունն անիմաստ զբաղմունք է։ Այս բոլորը մենք մի անգամ տեսել ենք․․․
Վաղ 90-ականներին, երբ երկիրը պատերազմի և անհուսության մեջ էր ձեր ահռելի քարոզչական մեծաքանակ տպագիր թերթերով ամենաքստմնելի քարոզչությունն էիք իրականացնում օրվա իշխանության դեմ։ Ահաբեկչական ակտերի մասին չեմ խոսում։ Նույն ձեռագրով, ձեր անհամար տեղեկատվական-քարոզչական միջոցներով այսօր պատերազմում եք սեփական ժողովրդի դեմ, ժողովրդի ընտրության դեմ, Հայաստանի ապագայի դեմ, Հայաստանում արժանապատիվ կյանքով ապրելու հույսի դեմ։
Ականջներիդ օղ արեք, մտքի ծայրով չանցկացնեք, թե շանս ունեք․․․ Որևէ մեկն անպատիժ չի մնալու պետականության դեմ գործած հանցանքների համար։ Այդ նպատակին հասնելու համար թույլատրելի միջոցների պակաս չկա, և ոչինչ ու ոչ ոք չի օգնի ձեզ։
Անցյալի ոչ մի ոճրագործ և հանցավոր շրջանակ չի կարող կասեցնել ապագային միտված մեր հավաքական ծրագրերը, վաղվա օրվա հետ կապված մեր սուրբ նպատակները։ Բարի գիշեր»։