Մամուլ

Դիտավորություն է, նման կադրեր պատահական չեն հայտնվում եթերում. Արփի Դավոյան

Դիտավորություն է, նման կադրեր պատահական չեն հայտնվում եթերում. Արփի Դավոյան

Armtimes.com-ը գրում է․ Ի՞նչ պետք է պարզաբանի ՀՌԱՀ խորհուրդը, տեղի ունեցածից հետո արդյոք բավարա՞ր է Հ1-ի գործադիր տնօրենի հրաժարականը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ.

– Տիկի՛ն Դավոյան, արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է տեսանյութը, որ պատրաստված է վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերից: Բոլորը քննարկում են, թե ինչպես կարող էին դրանք հայտնվել ինչ-որ մեկի մոտ, ով պետք է պատժվի, ինչպես: Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել այդ կադրերից, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է հետեւի համացանցում դրանց տարածմանը:

– Ես համոզված եմ, որ նման կադր եթեր հեռարձակվելու իրավունք չուներ: Որքան որ լսեցի պրոֆեսիոնալների, ոլորտի մասնագետների կարծիքը, վարչապետը ուղիղ եթերում կարող էր հայտնվել եթերից միայն 20-60 վայրկյան առաջ: Իսկ ինչպես հասկացվում է պարզաբանումներից եւ կադրերի քանակից, 15 րոպե այդ ամենը եթեր է գնացել, մարդիկ նայել են դա, եւ ոչ ոք չի զգուշացրել, որ նման բան է գնում եթեր: Հետեւաբար ես այդտեղ պատահականություն չեմ տեսնում եւ կարծում եմ, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

– Այս դեպքում կարեւո՞ր է՝ մեղավոր է Հանրայի՞նը, հեռուստաընկերություննե՞րը,  որոնք վերահեռարձակում են, վարչապետի մամուլի խոսնա՞կը, թե՞ այլ մեկը:

– Ես չգիտեմ մեղավորն ով է, կարծում եմ՝ քննություն կկատարվի, կպարզվի: Ցանկացած մեկը, որի գործողությունները հանգեցրել են այս ամենին, պետք է իր բաժին պատասխանատվությունը կրի:

– Արդյոք Հ1-ի ղեկավարության աշխատանքից ազատումը բավարա՞ր է խնդրի լուծման համար: 

– Իրականում խնդիրը դրանով չի լուծվում: Տեղի է ունեցել մի միջադեպ, չգիտեմ էլ՝ ինչպես դա անվանեմ, որը պետք է տեղի չունենար: Մենք խոսում ենք դեպքի մասին, հետեւաբար խնդիրն արդեն կա: Որեւէ մեկի աշխատանքից ազատմամբ այդ խնդիրը չի լուծվի, բայց պետք է լինի նաեւ հստակ բացատրություն, թե ինչպես է նման բան կատարվել, մարդիկ պետք է հասկանան, թե  ինչպիսի պատասխանատու աշխատանք են իրենք կատարում:

Պետք է հասկանան, որ երբ երկրի առաջին դեմքը ելույթ է ունենում, ինչպիսի մեծագույն պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն այդ երեւույթին, վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե այնպես պետք է հաշվարկված լինի ամեն ինչ, որ նմանատիպ խնդրի առաջ կանգնելու մասին որեւէ մեկի մտքով անգամ չանցնի:

– Հ1-ը պարզաբանել է, որ իրենց մոտից արտահոսք չի եղել, Հանրայինն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են Արմենիա, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք հեռուստաընկերությունները։ Բավարար չե՞ն տարածված պարզաբանումները:

– Ես կարծում եմ, որ Հանրայինի պարզաբանումները բավարար չեն, համոզիչ չեն, եւ նման պատասխանատու տեղում աշխատող մարդիկ այսպիսի պարզաբանում չպետք է գրեին: Պարզ է, չէ՞, որ այդ պարզաբանումը չեն կարդում միայն ոչ պրոֆեսիոնալները: Կան մարդիկ, որոնք հասկանում են, չէ՞, գործից: Գուցե մի քանի մարդ շատ չխորացավ խնդրի էության մեջ, մյուսը մասամբ հասկացավ, որովհետեւ այդտեղ մասնագիտական նրբություններ եւ գաղտնիքներ կան, բայց չէ՞որ այդպես չի կարելի: Պետք է լինել ազնիվ, իսկ այստեղ ես ազնվություն չտեսա:

– Ուղիղ եթերի պատասխանատուն էլ էր հայտարարություն տարածել՝ ասելով, որ բոլոր եթերներից առաջ լինում է այդպիսի փորձնական հեռարձակում:

– Պատասխանատուի գրառումը ես կարդացել եմ: Դա հավատ չներշնչեց: Նա ասում է, որ 15 րոպե առաջ ասել եմ REC: Ասել է, հետո տեսել է, որ վարչապետը շարունակում է նախապատրաստվել ուղիղ եթերին, տեսել է, թե ինչպես է դա ուղիղ եթեր գնում, այսինքն՝ ՀՀ վարչապետն ուղիղ եթերում է, որի մասին նա չգիտի, եւ պատասխանատուն էլ չի զգուշացնում, այլ հանգիստ դիտում է:

– Երեւի տեղյակ եք, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի աշխատանքի ազատման պահանջ կար հեղափոխությունից անմիջապես հետո: Ինչո՞ւ դա տեղի չէր ունենում: Շատերը հիմա՝ այս համատեքստում, նորից խոսում են թավշյա մեթոդների ոչ արդարացի լինելու մասին:

– Մարդկանց շանս է տրվել աշխատելու, չեն աշխատել, կարծում եմ՝ շատ լավ ժամանակն է հենց հիմա այդ օրակարգին նորից վերադառնալու եւ իրագործելու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում

Կիսվել