Դարավոր մի հարց լուծվեց Գյումրիում. թվով 18 բնակարան հանձնվեց շահագործման
Դարավոր մի հարց լուծվեց Գյումրիում։ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանները բնակիչներին վիճակահանությամբ են հատկացնում:
Այս տարի թվով 18 բնակարան հանձնվեց շահագործման: Բնակարաններից 3-ը տրամադրվեց նախորդ տարվա վիճակահանությանը մասնակցած, բայց բնակարանի շահառու չդարձած բնակիչներին, 2 բնակարան (1 հատ մեկ սենյականոց և 1 հատ երկու սենյականոց բնակարան) տրամադրվեց Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող երեք բնակչի: Հանրակացարանի ավերված շենքի բնակիչներին բնակարան հատկացնելով, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նշված շենքը վերջապես ազատագրեցին:
«Դարավոր մի հարց լուծվեց Գյումրիում: Նժդեհի փողոցի հանրակացարանը վերջապես ազատագրում ենք»,-ասաց քաղաքապետը՝ ապա տեսնելով, որ հանրակացարանի բնակիչները ներկա չեն իրենց նոր բնակարանները ստանալու արարողակարգին, աշխատակիցներին դիմեց.
«Էրթայիք, գրկած բերեիք, տնաշեններ, մեկը հիվանդ պառկած է անկողնային, էն երկուսին գնացեք, առեք-բերեք:Մի անգամ տվեցինք բնակարաններ, չհամաձայնեցին, թե ՝ նույն տեղում երկու հարկանի տուն կառուցեք…»:
Ի տարբերություն նախորդ տարվա վիճակահանության՝ այս տարի այն հանգիստ ընթացավ: Անցյալ տարի քաղաքացիներից ուշագնաց եղան, ոմանք արտասվեցին ուրախությունից, ոմանք էլ՝ հիասթափությունից եւ տխրությունից: «Շահառուները նախորդ անգամ շատ էին, լալիս էին, ուշագնաց լինում»,-մտաբերեց քաղաքապետը՝ դիմելով հուզված տատիկին. «Մայրիկ ջան, հլը լալու վախտ չէ, հանգիստ նստի….»: Ի դեպ այս տարի 18-ն բնակարանից 11-ը հանձնվեց բնակչներին, 7-ը մնաց թափուր:
Մնացյալ բնակարանների բաշխման համար որոշվեց, որ հաջորդ տարվա սկզբին հանձնաժողովը նիստ կգումարի, փոփոխություններ կկատարվեն չափորոշիչներում, որից հետո կտրվի հայտարարություն, կընդունվեն դիմումներ և կիրականացվեն հետագա գործընթացները:
Նշենք, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ Գյումրիում արդեն 41 սոցիալական բնակարան է կառուցվել։
Ինչպես նշեց հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, ծրագիրը կյանքի է կոչվել 3 տարի առաջ: «41 բնակարան՝ ամեն ինչով կահավորված տրամադրում ենք, հետադարձ կապ ենք պահում բնակիչների հետ, ջեռուցման ծախսերն ենք հոգում»,-ավելացրեց նա:
Աղբյուր՝ hraparak.am