Շոու-բիզնես

«Դավթի ծննդից առաջ ես ու ամուսինս բաժանման եզրին էինք». Իրինա Հարությունյանը՝ խնդիրները հաղթահարելու և հիմա ավելի ամուր ընտանիք ունենալու մասին

«Դավթի ծննդից առաջ ես ու ամուսինս բաժանման եզրին էինք». Իրինա Հարությունյանը՝ խնդիրները հաղթահարելու և հիմա ավելի ամուր ընտանիք ունենալու մասին

Դերասանուհի Իրինա Հարությունյանը 40 տարեկանում որոշեց երկրորդ անգամ մայրանալ: Ասում է՝ մինչև երկրորդ երեխայի ծնունդն ընտանիքում ինչ-որ բան այն չէր, ավագ որդին արդեն մեծացել էր, իր և ամուսնու հարաբերություններում ճգնաժամ կար: Դերասանուհին փաստում է, որ միայն երեխա ունենալու գործոնը չի կարող փրկել ընտանիքը, սակայն Դավիթն իրենց ընտանիքն ավելի ամրացրեց:

Tert.am Life-ն Իրինայի հետ զրուցել է կրտսեր որդու ծննդից հետո ամրացած ընտանիքի, ամուսնու հետ ունեցած դժվար էտապների, սակայն, ի վերջո, ներդաշնակության հասնելու և ավագ որդու հետ դեռահասության շրջանում ունեցած բարդությունների մասին:

-Իրինա, Ձեր ավագ որդին՝ Արամը, արդեն 17 տարեկան է: Դեռահասության ամենաբարդ փուլն է: Որպես մայրիկ՝ ի՞նչ դժվարություններ եք ունենում այս շրջանում:

-Ահավոր բարդ փուլ է: Լինում են բախումներ, իրար չհասկանալու պահեր: Այս փուլում տղաները մտածում են, որ իրենք միշտ ճիշտ են, իսկ դու հասկանում ես, որ եթե բացթողում ունենաս, դա կարող է հետևանք թողնել նրա ամբողջ կյանքի վրա:

Իրինա Հարությունյան ընտանիք

-Բացթողում չանելու համար ավելի ընկերեկա՞ն, թե՞ խիստ եք դարձել:

-Փորձում եմ պահել և՛ մեկը, և՛ մյուսը: Երբ մի մեթոդը չի աշխատում, մյուսն եմ կիրառում: Զգում եմ, թե որ պահին ինչպես վարվել:

-Երբեմն, ամուսիններն էլ տարաձայնություններ են ունենում զավակի դաստիարակության, կոնկրետ իրավիճակում մոտեցման հարցում: Դուք և Ձեր ամուսինը բախումներ ունենո՞ւմ եք:

-Իհարկե, մեզ մոտ էլ լինում են տարաձայնություններ, սակայն մեր նպատակը նույնն է՝ դաստիարակել ճիշտ և լավ մարդու: Մենք շատ հաճախ ենք ունենում բախումներ, բայց գտնում ենք լուծումներ:

-Ո՞ւմ տեսակետն է ավելի հաճախ հաղթում:

-Նայած երբ: Մենք քննարկում ենք ու հասկանում՝ որ տարբերակն է ճիշտը: Ամոթ չէ, եթե տղամարդն ընդունում է, որ կինը ճիշտ էր: Հայկական ընտանիքներում ընդունված է, որ վերջին խոսքը տղամարդունն է, բայց տղամարդը, ինչպես և կինը, կարող է սխալվել:

Այն ընտանիքը, որտեղ չեն խոսում, քննարկում, ինչու ոչ, վիճում (խոսքս կռիվ-ղալմաղալի մասին չէ), առողջ մթնոլորտ չի ունենա: Կնոջ միշտ լռելը հանգեցնում է ավելի մեծ խնդիրների: Պետք է խոսել և, որպես 2 հարազատ մարդ որոշում, կայացնել, հատկապես, երեխային վերաբերող հարցերում:

Իրինա Հարությունյան

-Անկումային փուլերն օրինաչափ են յուրաքանչյուր ընտանիքում: Ո՞րն է եղել ձեր համատեղ կյանքի ամենասրված փուլը:

-Երևի մինչև Դավթի ծնունդը: Արամը բավականին մեծացել էր, իր մոտ սկսվել էր անցումային փուլը, այդ շրջանում երեխան սկսում է առանձնանալ, իր հետաքրքրություններն  է գտնում: Մեզ մոտ լարվածություն կար: Դավթի ծննդից հետո մի ուրիշ փուլ սկսվեց, որը շատ ամրացրեց մեր ընտանիքը: Մինչև այդ ինչ-որ բան այն չէր:

-Ինչ-որ բան այն չէ՞ր, թե՞ բաժանվելու վտանգ կար:

-Կար այդ վտանգը: Կարծում եմ՝ ընտանիք չկա, որը գոնե մի անգամ բաժանման շեմին եղած չլինի:Նոր ամուսնացած ժամանակ, ամուսնությունից 5 տարի անց, որը ճգնաժամային է զույգերի համար: Մենք բացառություն չենք: Շատ կարևոր է տարիների ընթացքում ընկերներ դառնալը. սիրահարվածությունն անցնում է, բայց ընկերությունը շատ կարևոր է:

Ունեցել ենք պահեր, երբ բաժանվելու շեմին ենք եղել, սակայն խոսել ենք, քննարկել ու իրար հասկացել: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, կարող եմ հրաբխի պես ժայթքել:

-Ձեր ամուսինը, կարծես, ճիշտ հակառակ կերպարն է՝ շատ ավելի հանգիստ էությամբ:

-Երևի թե, հենց դա էլ մեզ փրկում է: Շատ ժամանակ իմ էմոցիոնալ ֆոնին նա ասում է՝ լավ, հանգստացիր, հետո կխոսենք:

Իհարկե, ինքն էլ իր պահանջներն ու էմոցիաներն ունի, ուղղակի իմ համեմատ ավելի հանգիստ մարդ է: Ժամանակի հետ դա ինձ էլ է փոխանցվել: Մի քանի տարի առաջվա համեմատ, երբ իմ էմոցիոնալության հետևանքով շատ խնդիրների առաջ էի կանգնում, հիմա բավականին հանգիստ եմ:

Իրինա Հարությունյան երեխաներ

-Դավիթը երիտասարդացրեց ձեր ընտանիքը: Դուք նկատեցիք, որ սերը տարիների ընթացքում վերածվում է հարազատության, կապվածության: Այս համատեքստում հարաբերությունները սովորական չ՞ն դառնում, հատկապես, հայկական իրականության մեջ:

– Դավիթն իսկապես երիտասարդացրեց մեզ: Ես չեմ ասում, որ եթե քեզ ու ամուսնուդ կապող ոչինչ չկա, պետք է հանուն երեխայի պահպանել ընտանիքը, դա սխալ է: Դա արդեն ոչ թե ընտանիք է, այլ ձև, որը մի օր քանդվելու է: Սակայն, այո, տարիների ընթացքում սերը վերածվում է կապվածության: Այլ հարց է, որ մեզ մոտ միապաղաղության խնդիր չկա:

Առաջին հերթին՝ ես շատ էմոցիոնալ մարդ եմ, արվեստագետ եմ, իմ կյանքը չի կարող միապաղաղ լինել, ես չեմ կարող հոգնեցնել: Ես շատ ընկերասեր եմ, մենք հյուրընկալ ենք: Ամուսնուս ընկերների հետ էլ կարող ենք մինչև լույս նստել, խոսել, հետաքրքիր խաղեր խաղալ:

Ամուսինս ինձ շատ-շատ է սիրում իմ բոլոր դրսևորումներով՝ և՛ տխուր, և՛ ուրախ: Միապաղաղ վիճակ, գրեթե, չի լինում: Կարող ենք որոշել ու ինչ-որ տեղ գնալ:

-Ընտանեկան ժամանցից զատ, զույգի համար շատ կարևոր է երկուսով ժամանց կազմակերպելը: Կարողանո՞ւմ եք երկուսով էլ ինչ-որ տեղեր գնալ, թե՞ հիմնականում ընտանեկան հանգիստ եք ունենում:

-Առաջ գնում էինք, Դավթի ծննդից հետո դեռ չի ստացվել:

-Նշեցիք, որ Ձեր ամուսինը Ձեզ շատ-շատ է սիրում, իսկ Դո՞ւք:

-Ես էլ, բնականաբար: Ես չեմ ասում, որ մենք նոր սիրահարված զույգ ենք, ուղղակի ինքն ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ: Շատ  հայկական ընտանիքների պես ինձ չի ընկալում միայն մի ամպլուայում:

-18 տարի է՝ ամուսնացած եք: Այնուամենայնիվ, ո՞ւմ զիջողականության ու սիրո շնորհիվ եք հաղթահարել ամենաբարդ էտապները:

-Իր, բնականաբար:)

-Բնականաբա՞ր:

-Հա, ես չեմ կարող անկեղծ չլինել: Բոլորը գիտեն, որ դա էդպես է:) Ինքն ավելի համբերատար ու իմաստուն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել