Դանակահարություն Երևանում. 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Դանակահարություն Երևանում. 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է: Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:
Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկոմ են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, տեղում կատարել ծառայություն, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել, իսկ հետաքրքրասեր քաղաքացիները չանցնեն սահմանազատված գոտին: