Գործարարների պատասխանը Փաշինյանին․ սպառնում են փակել աշխատատեղերը
Գործարարների պատասխանը Փաշինյանին․ սպառնում են փակել աշխատատեղերը
Հայաստանի հյուրանոցների ասոցիացիային տրված կառավարության աջակցությունը չի ապահովում հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը: Հյուրանոցային բիզնեսով զբաղվող ընկերությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սուբսիդավորման չափը չի կազմում աշխատավարձային ֆոնդի գոնե կեսը։
Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան կորոնավիրուսի հետեւանքով սահմանված կարանտինի առաջին իսկ օրից ի վեր բարձրաձայնել է ոլորտի խնդիրները, որոնց առջեւ կանգնելու են տնտեսվարողները պետության կողմից համաչափ եւ ժամանակին քայլեր չձեռնարկելու դեպքում, այդ թվում` այսքան տեւող եկամուտների զրոյական մակարդակի պայմաններում աշխատավարձի վճարման անկարողությունը։
Այդ իսկ պատճառով ասոցիացիան միանշանակ ողջունում է կառավարության կողմից տվյալ ծրագրի ընդունումը՝ հաշվի առնելով ասոցիացիայի կողմից արդեն 6 ամիս առաջարկվող լուծման կարեւորագույն կետերից մեկի կիրառումը՝ ծրագրի երկարաժամկետ լինելու հանգամանքը։
Ասոցիացիան բազմիցս հայտնել է այն կարծիքը, որ ոլորտին աջակցությունը պետք է լինի հաշվի առնելով այն փաստը, որ ոլորտը շարունակելու է վնասներ կրել եւ հիմնվելով փորձագետների կարծիքի վրա՝ տնտեսվարողները կկարողանան ծախսածածկման հասնել միայն 2021-ի ապրիլից՝ նկատի ունենալով տուրիզմի ոլորտի սեզոնայնությունը։ Հետևաբար` շատ կարեւոր էր ծրագրի ոչ միանվագ, շարունակական լինելը, որն ըստ ընդունված միջոցառման հաստատվեց՝ պետական աջակցության վճարումը սահմանելով մինչեւ 2021-ի ապրիլը»,- նշվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ հյուրանոցային բիզնեսի տերերը ընդգծել են, որ հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել, ուստի զրոյական եկամտաբերության պարագայում բազմաթիվ աշխատեղերը, որոնք դեռ պահպանվել են, կրճատման ռիսկի տակ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց ֆինանսական ռեսուրսները սպառված են, եւ նրանք աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն։
Գործարարները գտնում են, որ ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, եւ այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածը էլ ավելի մեծ վնասներ կբերի։
Հետեւաբար, ասոցիացիան, ինչպես պատկան մարմինների հետ բոլոր հանդիպումներում, այնպես էլ հիմա պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով, հաշվի առնելով, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։
«Ասոցիացիան կողմ է կառավարության կողմից տրվող ցանկացած դրական հանգուցալուծումներին, սակայն պնդում է, որ տվյալ միջոցառումը չի ապահովի հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը, քանի դեռ սուբսիդավորման չափը չի կազմել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսը»,- նշված է հայտարարության մեջ։
Սա ըստ էության հյուրանոցային բիզնեսով զբաղվողների անուղղակի պատասխանն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գործարարներն իր հետ հանդիպումից դժգոհ են հեռացել, քանի որ բյուջեից փողեր են ուզում ստանալ, ինչին ինքը չի համաձայնվում։