Գյումրիում տեղի է ունեցել վենդետա․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Գյումրիում տեղի է ունեցել վենդետա․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։
Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կա դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Ա. Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն, 2 կամ ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը; Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք են՝ սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ տղան՝ 28-ամյա Արմեն Տոնոյանը, իսկ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ -ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն է, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։