Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երկու նորածին է հայտնաբերվել
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների։ Պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է, աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։ Հիշյալ հաստատությունից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցեց, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին զույգ եղբայրներ են, այս պահին երեխաներին տեղափոխում են երեխաների խնամքի կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Աղբյուր՝ aravot.am