Գյումրիում պարեկների ու բժիշկների շնորհիվ՝ 3-ամյա տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել
Գյումրիում պարեկների ու բժիշկների շնորհիվ՝ 3-ամյա տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Վանիկ Սաղոյանը, պարեկներ Սերգեյ Կարապետյանը և Մայիս Ռոզիկյանը, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում ժամը 15։30-ի սահմաններում ծառայություն կատարելիս են լինում, երբ նշված փողոցում իր սեփական ավտոոմեքենայի վթարային լուսարձակները միացրած նրանց է մոտենում մի ավտոմեքենա, որի միջից դուրս է գալիս մի կին, և վարորդի հետ մոտենում են պարեկներին, հուզված հայտնում, որ ավտոմեքենայի մեջ է գտնվում իրենց 3 տարեկան տղան, ով առողջական լուջ խնդիրներ ունի, ինքնազգացողությունը անկայուն է։
Եվ երեխային շտապ հիվանդանոց հասցնելու համար խնդրում են պարեկների օգնությունը, քանի որ վարորդը՝ կապված երեխայի առողջական խնդիրների հետ, լարված է, չի կարողանում կենտրոնանալ և ավտոմեքենան վարել։
Նույն պահին դասակի հրամանատարի հանձնարարականով՝ պարեկներ Ս․ Կարապետյանն ու Մ․ Ռոզիկյանը երեխային իրենց ծառայողական ավտոմքենայով տեղափոխում են «Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց», որտեղ էլ բժիշկները հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, կարգավորում են երեխայի ինքնազգացողությունը, դուրս բերում շոկային վիճակից։
Երեխան մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում՝ երեխայի հայրն ասում էր․ «Տանն էինք։ Տեսանք, որ երեխան գույնը գցեց։ Սկսեց քրտնել։ Ու ճիշտն ասած՝ կարծես թե՝ ջերմում էր։ Մեր մեքենայով երեխային ուզեցանք շտապ տեղափոխել հիվանդանոց։
Բայց դե ծնող ես՝ լարվում ես։ Չգիտեինք՝ երբ կհասցնեինք։ Ու արդյոք այդ լարվածության մեջ չէինք գնա՝ մի փորձանքի գայինք։ Գորկու փողոցում տեսանք պարեկների՝ միգալկով մեքենան։ Միանգամից մոտեցանք ու ասացինք՝ ինչն ինչոց է։ Ու հալալ է նրանց։
Առանց երկար-բարակ հարցեր տալու, երեխային ու տիկոջս նստեցրեցեին իրենց ավտոմեքենան ու շուտ հասցրեցին հիվանդանոց, որտեղ էլ իրենց մարդկային վերաբերմունքով փայլեց բուժանձնակազմը։
Մեր կողմից շնորհակալանքի խոսք ենք ուղղում թե՛ պարեկներին, թե՛ բուժանձնակազմին։ Ավել բան չենք ուզում հայտնենք։ Նրանք՝ պարեկներն ու բժիշկները, իրենց մարդկային վերաբերմունքով արժանի են շնորհակալանքի, քանի որ մեր պուճուրն արդեն հուսալի ձեռքերում է»։