Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ
Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում։ Sputnik Արմենիան գրում է․ Ժորա Մանուկյանը բարձրագույն կրթություն չունի, նա ամեն ինչ արել ու անում է, նույնիսկ ժամանակին արտագնա աշխատանքի է մեկնել։ Բայց հիմա մտածում է միայն Գյումրիում մնալու ու հայրենի քաղաքում իր սեփական բիզնեսը զարգացնելու մասին:
Գյումրեցի Ժորա Մանուկյանի նորամուծության մասին հայրենի քաղաքում շատերը դեռ չգիտեն, բայց երիտասարդը համոզված է՝ կգտնվեն մարդիկ, որոնք կհավանեն իր նորույթը և կցանկանան իրենց սովորական պայուսակները փոխարինել փայտե պայուսակով: Պայուսակներն ինչպես կանանց, այնպես էլ ուժեղ սեռի համար են:
«Շուկան ուսումնասիրեցի ու մտածեցի անել այնպիսի բան, որ Գյումրիում դեռ չկա: Ավելին`այն մեր հայ արհեստավորների պատրաստածն է: Ցավ եմ ապրում, որ մարդիկ թուրքական ապրանք են նախընտրում: Ուզում եմ թուրքական պայուսակների փոխարեն մեր կանայք հայկականը գնեն»,- պատմում է Ժորան:
Այսպես, նա նախ սեփական կնոջ համար պատրաստեց փայտա պայուսակ, ապա կնոջ քրոջ, հետո էլ ՌԴ-ից հյուր եկած ընկերը հավանեց ու անմիջապես 2 պայուսակ պատվիրեց: Նորույթի հանդեպ հետաքրքրությունը ստիպեց երիտասարդին մտածել բիզնես հիմնելու մասին:
«Սկզբում 6 հատ պատրաստեցի ու բաժանեցի խանութներին, բայց ոչ թե վաճառքի, այլ հենց այնպես տվեցի՝ մարդկանց կարծիքը իմանալու համար: Ու երբ տեսա արձագանքը, սկսեցի ընթացք տալ գործին։ Սկզբում հարազատներս ու մտերիմներս էին գնում: Հիմա պատվիրատուներ կան, բայց նրանց թիվը մեծ չէ. միայն տարբերվող մարդիկ են ընտրում այս պայուսակները»:
Կինը՝ Քրիստինեն, վկայում է՝ պայուսակը, չնայած անսովոր տեսքին, շատ հարմար է, թեթև ու գեղեցիկ:
Փայտե պայուսակների բիզնեսում Ժորան միայնակ չէ, նա դրանք ստեղծում է գյումրեցի փայտագործ ու կաշվե իրեր պատրաստող արհեստավորների հետ։ Պայուսակների նախագիծը տալիս է նրանց, նրանցից ստանում փայտի ու կաշվի հատվածը և վերջնական տեսքի բերում այն:
«Փայտն ու կաշին բնական են, բայց ցանկության դեպքում կարող ենք նաև արհեստականով պատրաստել»,- պատմում է երիտասարդն ու ասում, որ ամենադժվարն այսօր իր բրենդի մասին պատվիրատուին տեղեկացնելն է։ Ձեռագործ փայտե պայուսակների մասին քչերը գիտեն, և քչերն են «հանդգնում» հրաժարվել ընդունված տարբերակից:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։