Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել
Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել
Այս մասին հայտնում է Sputnik Armenian հղում անելով Daily Mail պարբերականին։ Լաբորատորիայի աշխատակիցները պնդում են, որ չեզոքացնող հակամարմինները կարող են ժամանակավոր պատվաստանյութ լինել նրանց համար, ովքեր դեռ չեն վարակվել կորոնավիրուսով։
Sorrento Therapeutics կենսադեղագործական ընկերությունում աշխատող գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը, նրանց խոսքով, 100 տոկոսով «արգելափակում» է կորոնավիրուսը։
Պարբերականի աղբյուրի համաձայն՝ մասնագետները միլիարդավոր հակամարմիններ են ուսումնասիրել և բացահայտել, որ դրանցից մի քանի հարյուրը կարող են ազդել կորոնավիրուսի վրա։ Գիտնականներն առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ մեկը՝ STI-1499-ը, կարող է մարդու բջիջները 100-ով պաշտպանել վարակից։
Ըստ գիտնականների` հակամարմինը «պատիճավորում» է վարակն ու չորս օրվա ընթացքում դուրս բերում օրգանիզմից։ Չեզոքացնող հակամարմինները կարող են նաև ժամանակավոր պատվաստանյութ լինել նրանց համար, ովքեր դեռ չեն վարակվել կորոնավիրուսով։
Այդ հակամարմինների խառնուրդը կարող է մարդու բջիջների համար դառնալ «պաշտպանիչ էկրան», որը կկանխի COVID-19–ի ներթափանցումը։
«Երբ հակամարմինը կանխում է վարակի ներթափանցումը, այն պարզապես չի կարողանում գոյատևել․․․ Այսպիսով, եթե մենք թույլ չտանք, որ վարակը բջիջ ներթափանցի, վարակն ի վերջո կվերանա», – Fox News-ի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Հենրի Ջին։
Լաբորատորիայում ընդգծել են, որ սա դեղամիջոց է։ Փորձարկումներն առայժմ անցկացվել են լաբորատոր պայմաններում, այդ պատճառով ընկերությունը դեղորայքը թողարկելու թույլտվություն դեռ չի ստացել։
Այդ դեղի շնորհիվ հնարավոր կլինի վերացնել կարանտինը։
«Եթե մենք օրգանիզմում չեզոքացնող հակամարմին ունենանք, սոցիալական հեռավորությունն էլ այլևս պետք չի լինի», – ընդգծել է Ջին։
Ընկերությունը պնդում է, որ կարող է ամսական մինչև 200 հազար չափաբաժին հակամարմին արտադրել։ Չի բացառվում, որ այդ դեղամիջոցը զգալիորեն ավելի արագ հասանելի դառնա, քան COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որի վրա աշխատում են աշխարհի տարբեր երկրների լաբորատորիաներում։
Ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչություն (FDA)` հայտնաբերած միջոցը հրատապ հաստատելու համար, սակայն կարգավորող մարմնի հավանությունը դեռ չի ստացել։