Մամուլ

Բրիտանացի գեներալը Հայաստանում, Իրանի զորքը՝ ՀՀ սահմանին, Ֆրանսիայի Սենատը՝ Արցախի ճանաչման մասին

Բրիտանացի գեներալը Հայաստանում, Իրանի զորքը՝ ՀՀ սահմանին, Ֆրանսիայի Սենատը՝ Արցախի ճանաչման մասին

lragir.am-ը գրում է. «ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը Հայաստան և ԵԱՀԿ-ի՝ Հայաստան դիտորդներ ուղարկելու մտադրությունը նյարդային արձագանք է առաջացրել Բաքվում։Հոկտեմբերի 21-ից 27-ը ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ՝ ԵԱՀԿ-ի փորձի և մանդատի հիման վրա հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակը գնահատելու համար, ասվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ։

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը գրել է, որ «այդ որոշումը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կոլոնայի ձեռնարկած քայլերի արդյունքն է հայկական տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակումից հետո»։

«ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որևէ կերպ կապված լինել այս կազմակերպության հետ, և դրա արդյունքներից կամ զեկույցներից ոչ մեկը չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ, հայտարարել է Բաքվի ԱԳՆ-ն։

ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի առաքելությունը, որը միակողմանիորեն ուղարկվում է Հայաստան, վկայում է եվրոպական հանրության մոտեցումների փոփոխության մասին։ Բաքվի արձագանքը և ԵՄ առաքելության ժամանումից հետո հայկական տարածքի ցուցադրական գնդակոծումը վկայում են Հայաստանի հակառակորդների համար հնարավոր խնդիրների մասին։

Մինչ այժմ միջազգային հանրությունը հավատարիմ էր Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարության պահպանմանը՝ լռելյայն այս տարածաշրջանը համարելով «Ռուսաստանի ազդեցության գոտի»։ Այս պարիտետը չխախտվեց նույնիսկ 2020 թվականի պատերազմից, Արցախ ռուսական զորքերի մուտքից և ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն անտեսելուց հետո։

Բայց ուկրաինական պատերազմը, Պուտինի և նրա թուրք հանցակիցների՝ ուժով ու շանտաժով քաղաքական նպատակներին հասնելու փորձերը հանգեցրին համաշխարհային հանրության դիրքորոշման փոփոխությանը։ Վերլուծաբաններն ասում են, որ Ալիևը ստրատեգիական սխալ թույլ տվեց՝ ագրեսիա կատարելով Հայաստանի տարածքի դեմ, և դա խախտեց պարիտետը։

Միջազգային դիրքորոշման փոփոխությունն արդեն արտահայտվել է մի շարք կոնկրետ իրողություններում. ԱՄՆ-ն կանգնեցրել է սեպտեմբերի 13-14-ին Ջերմուկով և Սիսիանով «միջանցք» ճեղքելու ռուս-թուրքական փորձը, Իրանը հայտարարել է, որ թույլ չի տվել հայ-իրանական սահմանի փոփոխություն, ԵՄ-ն ուղարկում է քաղաքացիական առաքելություն՝ չհարցնելով ոչ Մոսկվային, ոչ Անկարային, ԵԱՀԿ-ն վերադառնում է իր մանդատի գոտի՝ առանց այդ մասին «կողմերին» տեղյակ պահելու։ Ռուսաստանի հասցեին արդեն Հայաստանի դեմ ագրեսիա հրահրելու եւ «անկողմնակալ արբիտր» լինելու անկարողության մեղադրանքներ են հնչում ամենաբարձր մակարդակում։

Հոկտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Արևելյան Եվրոպայի վարչության պետ, օդուժի հրամանատար (գեներալ) Փիթ Քրոքֆորդի գլխավորած պատվիրակությունը։

Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է նոյեմբերին քննարկել բանաձեւ, որով պահանջում է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ ագրեսիայի վերջին ակտերի համար, ինչպես նաև Հայաստանի տարածքից դուրս բերել Բաքվի զորքերը, դատապարտելով օգոստոսի սկզբին Բերձորի միջանցքում ադրբեջանական ագրեսիան»։

Կիսվել